երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
«Նոր ուժ» կուսակցությունն իր արժեքային համակարգով կապված է եվրոպական  սոցիալ-դեմոկրատիայի հետ. Մարության

«Նոր ուժ» կուսակցությունն իր արժեքային համակարգով կապված է եվրոպական սոցիալ-դեմոկրատիայի հետ. Մարության

Ազգային աղետի այս եռամյակի ավարտին Հայաստանի ժողովուրդն ընկղմվել է ազգային, պետական ինքնության խորը ճգնաժամի մեջ: Այս մասին, այսօր «Նոր ուժ» կուսակցության հիմնադիր համագումարում իր ելույթում նշեց Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Արտաքին ուժերի անթաքույց միջամտությամբ եւ գործող իշխանությունների համաձայնությամբ  փորձ է արվում ոչ միայն փոխել Երրորդ հանրապետության հիմքում դրված իրավական փաստաթղթերը, այլեւ  արմատապես ձեւախեղել մեր քաղաքական և մշակութային ինքնության ատրիբուտները: Միաժամանակ ներքին քաղաքականությունը ավելի ու ավելի ցցուն է դառնում ժողովրդավարության զարգացման, մասնավորապես քաղաքական ու տնտեսական ազատ մրցակցության հարցում առկա խնդիրները: Իսկ 2018-ից առաջ գոյություն ունեցող կոռուպցիոն  համակարգը վերանալու փոխարեն, ցավոք սրտի, նոր դրսեւորումներ է ի հայտ բերում:

Լինելով հայկական անկախ պետականության զարգացման անզիջում ջատագովներ, մենք հանձն ենք առնում մեր քաղաքական գործունեությամբ վերականգնելու հավատը սեփական ուժերի նկատմամբ եւ նոր ընթացքի վրա դնելու մեր հանրապետությունը»,-ասաց Մարությանը:

Նա հայտարարեց, որ «Նոր ուժ» կուսակցությունը, որը իրենք մտադիր են հիմնել այսօր, իր արժեքային համակարգով կապված է եվրոպական  սոցիալ-դեմոկրատիայի հետ. «Ներքին քաղաքականության եւ հասարակական հարաբերություններում մեր հիմնական սկզբունքներն են լայն մասնակցայնությունը, հասարակության բոլոր հատվածների ներգրավումը պետության զարգացման գործին: Ամբողջ հանրության պաշտպանության երաշխիքը յուրաքանչյուր քաղաքացու պաշտպնված լինելն է:

Հայաստանի օրենքներն ու մշակույթը հարգող յուրաքանչյուր ոք պետք է հնարավորություն ունենա իրացնել իր ներուժը ի նպաստ երկրի զարգացման»,- ընդգծեց Մարությանը:

Նշենք, որ «թավշյա հեղափոխությունից» հետո Հայկ Մարությանը «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակով ընտրվել էր Երևանի քաղաքապետ, ապա 2021-ի դեկտեմբերին պաշտոնանկ էր արվել իր թիմի կողմից։ Քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթացն իշխող թիմը հիմնավորել էր նրա հետ քաղաքական խզմամբ։ Այս տարվա փետրվարի 7-ին էլ Երևանի ավագանին դադարեցրել էր «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակով ավագանու անդամ դարձած Մարությանի լիազորությունները՝ բացակայություների հիմնավորմամբ։

«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության նպատակը հանրաքվեներին, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու և հասարակության ու պետության քաղաքական կյանքին մասնակցության այլ ձևերով ժողովրդի քաղաքական կամքի ձևավորմանն ու արտահայտմանը նպաստելն է:

«Նոր ուժ» կուսակցության գաղափարական հենքը սոցիալ-ռեֆորմիզմն է։    

  • Կիսվել: