կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Նոր բան մտածեք. Մի քիչ դերակատար են փոխում, գնում են, ուրիշ դեմքով գալիս են. Ալեն Սիմոնյանը արտաքին հետք է տեսնում

Նոր բան մտածեք. Մի քիչ դերակատար են փոխում, գնում են, ուրիշ դեմքով գալիս են. Ալեն Սիմոնյանը արտաքին հետք է տեսնում

Միակողմանի զիջում չկա, մենք սահման ենք գծում, միջազգային նորմերին համապատասխան ենք անում։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Ո՞րն է այդ միջազգային նորմը, որն, ըստ իրենց, խախտված է։ Ոզում եմ հասկանալ՝ մենք ինչի՞ մասին ենք խոսում։ Ուզում եմ ասել՝  քանի՞ անգամ  կարելի է  նույն տրամաբանությամբ փորձել այն, ինչ որ մենք արել ենք, նույն ձևի տարբեր դերակատարներով կրկնել ու փորձել նույն բանն անել։ Հասկացանք՝  նոր բան մտածեք։ Մեկա վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, բանանի Միհրանին, Արթուր Վանեցյանին ... Էլ ո՞վ կար այնտեղ՝ բերելու են, ցույց տան, ասեն՝ էս են էս մարդիկ: Չի կարելի նույն տրամաբանության մեջ փորձել, ասենք մի քիչ դերակատար են փոխում, գնում են, ուրիշ դեմքով գալիս են»,-ասաց նա:

Հարցին՝ եթե հրապարակում 100-200 հազար մարդ հավաքվի, իշխանությունը կհեռանա՞, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Իսկ եթե եկան, էլի հավաքվեցին նույն 15-20 հազարը, մանդատները դնելու, դուրս են գալո՞ւ քաղաքականությունից: Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին, երբ ժողովուրդը ինչ-որ պահանջ կներկայացնի, մենք կտեսնենք, որ դա ժողովրդի կողմից է: Քանակով չի՝ 2337: Այդպիսի իրականություն իրենց շուրջը ստեղծում են ընդդիմադիրները, իրենք իրենց ասածին հավատում են, իրենց լրատվամիջոցներով տարածում են:

Ես վստահ եմ, որ ՀՀ ժողովուրդն ամեն ինչ շատ լավ հասկանում է, վտահ եմ, որ ՀՀ ժողովուրդը վստահում է սահմանազատման գործընթացին, գիտի, որ Հայաստանը պետք է խաղաղության մեջ ապրի, պատերազմ չի ուզում, չի պատրաստվում հներին վերադարձնել, չի պատրաստվում կրոնապետության գնա, չի պատրաստվում եկեղեցու որոշ անդամներին դիտարկել որպես քաղաքական գործիչ, որն անընդունելի է»:

Հարցին՝ արտաքին հետք տեսնո՞ւմ է այդ գործընթացում, նա պատասխանեց. «Տեսնում եմ տարբեր տեղերից, տարբեր ուղղվածություն, ֆինանսավորում ունեցող բլոգերներ, հիմնականում մեկ երկրում գտնվող մարդիկ հայտարարում են, որ միանում են այս շարժմանը։ Բնական է, տեսնում եմ, դա ակնհայտ է: Իսկ ում համար դա պարզ չէ՞»:

Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը կարող է վերածվել համաժողովրդական ընդվզման, նա ասաց. «Ես որևէ բան չեմ բացառում, ասում եմ, երբ որ կլինի քաղաքական առաջարկ, քաղաքական գործընթաց... Չեմ հասկանում, թե սա ինչ պրոցես է, չգիտեմ՝ մենք կրոնապետությո՞ւն ենք։ Ինչո՞վ ենք մենք հիմա զբաղված, ի՞նչն է առաջարկը։ Երբ ինչ-որ մեկն ասում է՝ ես սրան դեմ եմ, ինքը պետք է առաջարկ ներկայացնի, ո՞րն է այդ առաջարկը»:

Հարցին՝ պատրա՞ստ է իշխանությունը ընդունել Բագրատ Սրբազանին, ԱԺ նախագահն արձագանքեց. «Ես ի՞նչ հարց եք տալիս: Ես բոլոր քաղաքացիներին էլ ընդունում եմ, ընդունելության ժամեր ունեմ կամ օգնականս է ընդունում»:

 

  • Կիսվել: