շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Նաիրի Հունանյանը կարող է օգտվել վիճակից, ինչ ասես ասել․  Ռիմա Դեմիրճյանը կողմ է 27-ի գործի վերաբացմանը զգոնություն պահպանելու պայմանով     

Նաիրի Հունանյանը կարող է օգտվել վիճակից, ինչ ասես ասել․  Ռիմա Դեմիրճյանը կողմ է 27-ի գործի վերաբացմանը զգոնություն պահպանելու պայմանով     

Բացառված է, որ նա դուրս գա, բացատված, -PrimeNews.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին նախագահ Կարեն Դեմիրճյանի այրին՝ Ռիմա Դեմիրճյանը, անդրադառնալով «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործության հեղինակ, խմբի պարագլուխ Նաիրի Հունանյանի դիմումին՝ պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու մասին:

«Թող այդ հարցով դիմեն մարդկանց՝ արդյոք կուզեն, որ նա ազատ արձակվի: Համոզված եմ, որ շատ քչերը կուզեն, որ նա ազատ արձակվի, հատուկենտ, որոնք այդ մարդասպանի նման են: Նա ի՞նչ իրավունք ունի ազատվելու, մինչև հիմա այդ մրմուռը չի անցել, այդ անկայունությունը մնացել է՝ հարվածի բոլոր հետևանքներով, նա ի՞նչ իրավունք ունի դուրս գալու», -ասաց տիկին Դեմիրճյանը:

Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում «Հոկտեմբերի 27»-ի գործի հնարավոր վերաբացմանը, Կարեն Դեմիրճյանի այրին պատասխանեց, որ գործը վերաբացել պետք է ու հավելեց. «Պետք է վերաբացել, ուսումնասիրել, քննել ու վերջնականապես ասել՝ կամ բացահայտվող է, կամ ոչ: Այդ պարագայում միայն մարդիկ կարող են համոզվել»:

Այդուհանդերձ, տիկին Դեմիրճյանի խոսքով, «Հոկտեմբերի 27»-ի գործը շատ բարդ քրեական գործ է, կարող է երկար տևել քննությունը: Քրեական գործի վերջնական, ամբողջական բացահայտման առումով, Կարեն Դեմիրճյանի այրին թերահավատ է՝ 20 տարի է անցել, բոլոր ապացույցները կորել են, շատ վկաներ մահացել են:

«Ես ուզում եմ, որ բացահայտվի, ես ասում եմ, որ պետք է վերջակետ դնել, բայց մտածում եմ՝ ինչպես: Մի բան հստակ գիտեմ՝ այնպես պետք է լինի, որ նոր հարցականներ ի հայտ չգան: Հասարակությունը պետք է համոզվի՝ կամ բացահայտվել է ճիշտ, օբյեկտիվ, հիմնավորված, մեծ պատասխանատվությամբ, կամ ասվի՝ ժողովուրդ, ամեն ինչ արեցինք, բայց չհիմնավորվեց, հնարավոր չէ բացել այդ գործը: Պետք է վերջակետ դնել այս անհանգիստ, անկայուն վիճակին, բարդություններին: Տեսնում եք՝ հասարակությունն ինչ վիճակում է այժմ: Զգույշ պետք է վերաբերվել այդ գործին: Նա (նկատի ունի Նաիրի Հունանյանին-խմբ.) կօգտվի վիճակից, ինչ ասես, կասի, բայց արդյոք կարելի է նրան հավատալ: 20 տարի է, լռել է, հիմա ուզում է դուրս գալ, բա կարելի՞ է նրան հավատալ», -նկատեց Ռիմա Դեմիրճյանը:

Անդրադառանալով երեկ Նաիրի Հունանյանի հետ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հանդիպմանը, որը տևել էր 2 ժամ, Ռիմա Դեմիրճյանն ասաց, որ իր համար անընդունելի է «նրա հետ» որևէ հանդիպում:

«Ես նրա հետ որևէ հանդիպում չեմ ընդունում: Մեկն էլ կար, հանդիպել էր նրան, ասել էր՝ քեզ լավ նայիր, սպորտով զբաղվիր, չաղացել ես: Դա ասելու բա՞ն է: Ի՞նչ է խոսել երկու ժամ նրա հետ, ես դեմ եմ նման բաներին: Նա թող մնա մենակ, թող իր պատիժը կրի, երեք կյանք էլ ապրի, նա իր պատիժը կրել չի կարող: Ինչ աստիճանի լկտի է, որ այսքանից հետո դիմում է, որ իրեն ազատ արձակեն: Դա վկայում է այն մասին, որ մինչև հիմա չի զգացել՝ ինչ է արել», -ասաց տիկին Դեմիրճյանը:

Նկատենք, որ Նաիրի Հունանյանին սպորտով զբաղվելու խորհուրդ հանդիպման ժամանակ տվել էր արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը:

20 տարի առաջ հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանը, գլխավորելով 6 հոգանոց խումբը, ներխուժել էր Ազգային ժողով, որտեղ ընթացել էր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը: Ահաբեկչական խմբի գործողությունների հետևանքով զոհվել են ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ, 8 մարդ վիրավորվել էր, իսկ 91-ը՝ գերեվարվել։ 2003-ին կայացված դատավճռով խմբի 6 անդամներ դատապարտվեցին ցմահ, իսկ մեկը՝ 14 տարվա ազատազրկման:

  • Կիսվել: