երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Մեզ հետ, խնդրում եմ, այդ լեզվով չխոսել. Մարուքյանը՝ Փաշինյանին

Մեզ հետ, խնդրում եմ, այդ լեզվով չխոսել. Մարուքյանը՝ Փաշինյանին

Ինձ անհանգստացնում և վտանգավոր է թվում ձեր այն մոտեցումը, որ, դուք ի սկզբանե այս ամբիոնից մեզ սպառնում եք, այն ուժերին, որոնք կարող են իրավական ճանապարհով վիճարկել այսօրվա որոշումները։ Այս մասին այսօր ԱԺ-ում վարչապետի ելույթից հետո ասաց ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Մարուքյանը, մասնավորապես, նշեց. «Դուք ասում եք՝ այն ուժերը, որոնք իրավական ճանապարհով կամ այլ կերպ այնպես կանեն, որ հանրաքվեն չլինի, նրանք կհայտարարվեն հակապետական ուժեր։ Ասում եք՝ այն ուժերը, որոնք կաջակցեն այս պրոցեսին, նրանք կհամարվեն ազգի նվիրյալներ։

Փաստորեն, դո՞ւք եք որոշում՝ ովքեր են հակապետական ուժերը, ու ովքեր են ազգի նվիրյալները․ մենք ո՞ւր ենք գնում, պարոն վարչապետ, սա՞ է ձեր երազած ժողովրդավարությունը։ Այսինքն՝ ձեր երազած ժողովրդավարությունն այն է, որ գործադիր իշխանության ղեկավարը կարող է հայտարարել ազգի թշնամիներին և ազգի բարեկամներին, նվիրյալներին, կարող է սրբեր կարգել, կարող է դավաճաններ կարգել, անիծյալներ կարգել, սատանաներ։

Քանի դեռ մենք այս Պառլամենտում ենք, ոչ մի գործադիր իշխանության ղեկավարի թույլ չենք տա մատ թափ տալ Պառլամենտի վրա։

Պարոն վարչապետ, ի վերջո, եթե այդ ուժերը իրավական ճանապարհով, համաձայն չլինելով այդ հանրաքվեի հետ, ասեն՝ պետք է գործողություններ անենք, ի՞նչ եք անելու։ Մեզ ի՞նչ պետք է անեն, պետք է վառեն մեր մեքենաները, հարձակվեն մեզ վրա։ Փոխարենն ասեք՝ ով համաձայն չի պետությունը, կապահովվի իրենց անհամաձայնությունը համապատասխանաբար ժողովրդավարությամբ արտահայտելու, ասում եք՝ կհայտարարենք հակապետականներ․ մեղքերի թողություն էլ տվեք, թող գնան»։

Մարուքյանն ասաց, որ մտահոգված է Փաշինյանի ելույթով, և նրա հռչակած մոտեցումները լավ տեղ չեն տանում

«Ոչ ոք ՀՀ քաղաքացուն չի կարող հռչակել ազգի հակապետական ուժ, ուզում է 90 տոկոս ձայն ստանաք, ոչ ոք»,-ասաց Մարուքյանը և հավելեց. «Մի մարդ էլ համաձայն չլինի, ես պատրաստ եմ, այդ մարդու կողքը կանգնելու եմ։ Ոչ ոք չփորձվի այստեղ պոլիտբյուրո դարձնել, սա չի դառնալու պոլիտբյուրո։ Սուպերվարչապետական համակարգը, փաստորեն, մեր երազած համակարգն էր, ՍԴ-ն էր, որ մեր երազածը չէր, այդ էլ պետք է փոխենք։ ԼՀԿ-ն դեմ կքվեարկի հանրաքվեի մասին որոշման նախագծին և իր ապագա գործողությունները կքննարկի տարածքային ստորաբաժանումների հետ և այնպես, ինչպես կորոշեն ՀՀ ոչ պակաս հպարտ քաղաքացիները, ովքեր համաձայն չեն ինչ-որ քայլերի հետ, այդպես էլ կուսակցությունը կվարվի։

Եվ ոչ ոք չի կարող մեզ անեծքներով շանտաժի ենթարկել։ Անեծքներն իրավական պետությունում սահմանադրաիրավական կատեգորիա չեն, իսկ ովքեր պետական դավաճան են կլինեն պետական դավաճան միայն դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Ոչ ոք չի կարող հայտարարություններով դավաճաններ և սրբեր կարգել, օծել հետո էլ փոխել ու ասել՝ էս մեկն էն ա, էն էլ՝ էն։ Մեզ հետ, խնդրում եմ, այդ լեզվով չխոսել, դա ոչ ոք կուլ չի տալու»:

  • Կիսվել: