երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Մեր երկիրը պետք է համապատասխանեցվի սահմանադրական կարգին. Փաշինյան

Մեր երկիրը պետք է համապատասխանեցվի սահմանադրական կարգին. Փաշինյան

ՀՀ ԱԺ-ի նիստի ժամանակ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՍԴ անդամներին վաղաժամկետ կենսաթոշակի ուղարկելու նախագծին և ասաց, որ որևէ օրենք չի կարող չունենալ քաղաքական նկատառում։

Ինչ վերաբերում է նախագծի առնչությամբ հնչող քննադատություններին, նա վստահեցրեց, թե դա արվում է քաղաքական նկատառումներով և անձնավորված բնույթ ունի:

 «Որևէ օրենք չի կարող չունենալ քաղաքական նկատառում, և այդ քննադատությունը նոնսենս է, ինձ հիշեցնում է հին ժամանակները երբ ասում էին՝ եկեք ընտրությունները չքաղաքականացնենք։ Իսկ ո՞րն է քաղաքական նկատառումը. ՍԴ–ում հաստատված իրավիճակը չի համապատասխանում ՀՀ սահմանադրությամբ նախատեսված իրավիճակին, և եթե լուծումներ չլինեն, այդպես շարունակվելու է մինչև 2035 թիվը։

2015թ սահմանադրական փոփոխությունների հեղինակներն ասում էին՝ ժողովուրդ ջան, մենք գտել ենք մեր երազանքների սահմանադրական դատարանը՝ ՍԴ դատավորներն ընտրվում են ոչ թե ցմահ, այլ 12 տարով, ՍԴ նախագահը ընտրվում է ոչ թե ԱԺ–ի, այլ ՍԴ դատավորների կողմից։  Բայց հիմա որոշ գործողությունների, այդ թվում՝ կեղծիքի արդյունքում ստեղծվել է իրավիճակ, որ ՍԴ–ն չի կարող լինել այնպիսին, ինչպիսին նախատեսված է Սահմանադրությամբ։

Դա է քաղաքական նկատառումը՝ մեր երկիրը պետք է համապատասխանեցվի սահմանադրական կարգին։ Մեզ մի կողմից քննադատում են անհանդուրժողականության, մյուս կողմից՝ հանդուրժողականության մեջ։ Նրանք, ովքեր մեզ քննադատում են հանդուրժողականության մեջ, այս օրենքի արդյունքում ավելի շատ կքննադատեն, անհանդուրժողականության մեջ մեղադրողներն ուրիշ բան կգտնեն ավելի շատ քննադատելու»,– ասաց վարչապետը:

Հիշեցնենք, որ Արդարադադտության նախարարությունը ներկայացրել է նախագիծ՝ դատական օրենսգրքում, ինչպես նաև Սահմանադրական դատարանի մասին օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, ինչը բուռն քննարկումների տեղիք է տվել:

  • Կիսվել: