կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Մենք փոքր երկիր ենք, բայց մենք լայն և համաշխարհային ցանց ունեցող ազգ ենք, ինչը մեզ մեծ է դարձնում. Փաշինյան

Մենք փոքր երկիր ենք, բայց մենք լայն և համաշխարհային ցանց ունեցող ազգ ենք, ինչը մեզ մեծ է դարձնում. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը ԱՄԷ «Gulf News» թերթին: Ներկայացնում ենք դրանից մի հատված.

Օժտված լինելով աննախադեպ լեգիտիմությամբ՝ Հայաստանի կառավարությունը վերակազմավորվեց. մի քանի նախարարություններ լուծարվեցին: Ինչո՞ւ լուծարվեցին այդ նախարարությունները, և ինչպե՞ս է այս նոր կառավարությունը պայքարելու կոռուպցիայի դեմ:

Նախարարությունների թիվը կրճատելու մեր որոշման համար կային պարզ պատճառներ: Մեր բարեփոխումների օրակարգի նպատակներից է պետական կառավարման օպտիմալացումը և ավելի արդյունավետ պետական հաստատությունների ստեղծումը: Նախարարությունների թվի կրճատումը կօգնի մեզ հասնել այդ նպատակին և բարձրացնել կառավարման արդյունավետությունը:

Ձեր մանդատի անկյունաքարն այն է, որ Հայաստանը քաղաքական հեղափոխությունից անցում կատարի դեպի տնտեսական հեղափոխություն: Ո՞րն է ձեր տնտեսական զարգացման ռազմավարությունը, և ինչպե՞ս են այնպիսի առանցքային ոլորտներ, ինչպիսիք են բարձր տեխնոլոգիաները, էներգետիկան և զբոսաշրջությունը, նպաստելու հետհեղափոխական Հայաստանում աճի արձանագրմանը:

Ես կարծում եմ, որ մեր բարեփոխումները երկարաժամկետ և ռազմավարական են: Հետևաբար, տնտեսական հեղափոխությունը երկարատև ազդեցություն կունենա երկրի տնտեսական զարգացման և մարդկանց կյանքի վրա: Միևնույն ժամանակ թույլ տվեք Ձեզ հետ կիսվել արդեն իսկ արձանագրված որոշ արդյունքներով: 2018 թվականին մենք արձանագրել ենք 5.2 տոկոս տնտեսական աճ և պահպանել ենք չափավոր գնաճի մակարդակը: Սրանք շատ դրական արդյունքներ են հեղափոխություն տեսած տարվա համար: Մենք ունենք արտահանման 9 տոկոս աճ: Այս տարի դրական դինամիկան շարունակվում է՝ տարվա առաջին կիսամյակում արձանագրված 6,5 տոկոս աճով: 2019 թվականի օգոստոսին «Մուդիզ»-ը բարձրացրեց Հայաստանի սուվերեն վարկանիշը Ba3-ի: Այս արդյունքները խոստումնալից են. այնուամենայնիվ, պետք է շատ ավելին անել:

Հայաստանը հիանալի հնարավորություններ է ընձեռում ներդրողներին՝ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տեղեկատվական տեխնոլոգիաները, զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը, արտադրությունը, էներգետիկան և մի շարք այլ ոլորտներում:

Մեր կառավարությունն իրականացնում է բաց դռների քաղաքականություն օտարերկրյա ներդրումների նկատմամբ՝ ապահովելով գույքի եւ սեփականության լիարժեք պաշտպանություն: Օտարերկրյա ներդրողները կարող են ազատ, անարգել մուտք գործել ցանկացած ոլորտ և աշխարհագրական վայր երկրի ներսում, առանց սահմանափակումների անձնակազմ հավաքագրել, օգտվել շահույթի անվճար և անսահմանափակ վերադարձման իրավունքից, իրականացնել արժույթի անսահմանափակ փոխանակում շուկայական փոխարժեքով և ունենալ ազգայնացումից պաշտպանող երաշխիքներ:

Օտարերկրյա ներդրողներին պաշտպանող հնգամյա դրույթը, որը պաշտպանում է նրանց ներդրումներին վերաբերող օրենսդրական փոփոխություններից, նույնպես մեր արտաքին ներդրումների շրջանակի մի մասն է հանդիսանում: Միջազգային տնտեսական հարաբերությունների առումով, Հայաստանը ներդրումների խթանման և պաշտպանության մասին երկկողմ համաձայնագրեր ունի 43 երկրների հետ, ներառյալ՝ Միացյալ Նահանգները:

Հայաստանը Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի անդամ է: Մենք 46 երկրի հետ կրկնակի հարկումը բացառելու և հարկերից խուսափելու կանխարգելման վերաբերյալ համապատասխան համաձայնագրեր ունենք: Սա նշանակում է, որ ներդրողներին տրվում են մի շարք երաշխիքներ, մասնավորապես՝ համահավասար վերաբերմունք (ազգային ռեժիմ ներդրողների համար), պաշտպանություն սեփականազրկումից, միջոցների ազատ փոխանցում և լիարժեք պաշտպանություն ու անվտանգություն:

Համաշխարհային բանկի տվյալներով՝ գործարարությամբ զբաղվելու դյուրինության առումով Հայաստանը 190 երկրի շարքում զբաղեցնում է 41-րդ տեղը: Բիզնես սկսելու դյուրինության առումով՝ Հայաստանը աշխարհում 8-րդն է, իսկ գույքը գրանցելու առումով՝ 14-րդը: Տնտեսական ազատության ինդեքսի համաձայն՝ Հայաստանը 47-րդ ամենաազատ տնտեսությունն է աշխարհում: Մենք շարունակում ենք խորը և համապարփակ բարեփոխումներ իրականացնել` բարելավելու մեր բիզնես միջավայրը:

Կառավարությունն աշխատում է օրենսդրական բարեփոխումների ուղղությամբ՝ առավել բարենպաստ առևտրային ռեժիմ սահմանելու, օտարերկրյա ներդրողներին համապատասխան երաշխիքներ տրամադրելու, ինչպես նաև վեճերի կարգավորման արդյունավետ մեխանիզմներ ներդնելու համար: Ներկայում մենք աշխատանքներ ենք տանում հնարավորությունների ընդլայնման և պետություն-մասնավոր հատված գործընկերության համար հստակ իրավական դաշտ սահմանելու ուղղությամբ:

«Հայաստանը դեպի ծով ելք չունեցող փոքր մայրցամաքային երկիր է» - այս նկարագրությունը Դուք կարող եք գտնել բազմաթիվ գրքերում և հոդվածներում:

Համաձայն եմ, մենք փոքր երկիր ենք: Բայց մենք լայն և համաշխարհային ցանց ունեցող ազգ ենք, ինչը մեզ մեծ է դարձնում: Հայաստանն իր աշխարհագրական դիրքով կամրջում է մշակույթներն ու տնտեսությունները: Ոմանք կարող են պնդել, թե Հայաստանը փոքր շուկա ունի, բայց ես այստեղ եմ այդ տեսակետը վիճարկելու համար: Հայաստանը մաս է կազմում Եվրասիական տնտեսական միության շուկայի, որն ունի ավելի քան 180 միլիոն սպառող: Հայ արտադրողներն օգտվում են GSP+ արտոնյալ ռեժիմից՝ Եվրամիության հետ եւ GSP ռեժիմից՝ ԱՄՆ-ի և մի շարք այլ երկրների հետ:

Հայաստանը նաև խորացնում է համագործակցությունը Եվրամիության հետ՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի միջոցով: Այս հավակնոտ համաձայնագիրը նախատեսում է, որ Հայաստանն ու ԵՄ-ն համատեղ աշխատեն ի նպաստ ՀՀ քաղաքացիների՝ ժողովրդավարության և մարդու իրավունքների ամրապնդման, աշխատատեղերի և բիզնես հնարավորությունների ստեղծման, առավել արդար խաղի կանոնների, ավելի մեծ ապահովության, ավելի մաքուր միջավայրի, ինչպես նաև ավելի որակյալ կրթության և հետազոտությունների իրականացման համար:

  • Կիսվել: