չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
Մենք որևէ ակնկալիք չունենք ՀԱՊԿ-ից. ՀՀ ԱԽ քարտուղար

Մենք որևէ ակնկալիք չունենք ՀԱՊԿ-ից. ՀՀ ԱԽ քարտուղար

Մոսկովյան բանակցությունների հիմքում ընկած է եղել նոյեմբերի 9-ի համաձայնագիրը: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Նա հավելել է, որ սեպտեմբերի 19-ից սկսած տեղի է ունեցել էթնիկ զտում ԼՂ-ում և ՀՀ-ն մինչև այժմ որևէ բացատրություն չի ստացել, թե ՌԴ խաղապահների ներկայաութամբ ինչպես է տեղի ունեցել էթնիկ զտում:

Լրագրողի դիտարկմանը, թե այդ մասին բազմիցս խոսվել է ամենաբարձր մակարդակով, որ մենք ենք ճանաչել ԼՂ-ն Ադրբեջանի կազմում, Գրիգորյանը պատասխանել է.

«ՌԴ նախագահը 2020 թվականի դեկտեմբերի և հունվարին հարցազրույցներ է տվել, և ճանաչել ԼՂ-ն Ադրբեջանի կազմում: Այսինքն մինչ այդ ՌԴ-ն ինքն էր ճանաչում: ՌԴ-ն ունեցել է նոյմբերի 9-ի համաձայնագիր և պարտավորություն ուներ ապահովել ԼՂ հայերի անվտանգությունը»:

Հարցին, թե ՀԱՊԿ-ից մենք այնուամենայնիվ հրաժարվում ենք, թե՞ ոչ Արմեն Գրիգորյանը պատասխանել է, որ մենք որևէ ակնկալիք չունենք ՀԱՊԿ-ից:

«Որևէ ակնկալիք չունենք, որովհետև 2022 թվականի սեպտեմբերին, երբ լայնածավալ հարձակում է տեղի ունեցել ՀՀ-ի վրա, ՀՀ-ն դիմել է ՀԱՊԿ-ին՝ ակնկալելով օգնություն, որպեսզի պաշտպանի իր սուվերեն տարածքը: Մենք որևէ ադեկվատ արձագանք ՀԱՊԿ-ից չենք ստացել և հասկացել ենք, որ մենք չենք կարող որևէ ակնկալիք ունենալ ՀԱՊԿ-ից: Երբ որ հայտարարություն կանեն և գնահատական կտան, կպաշտպանեն ՀՀ տարածքային ամբողջականությունը, սուվերենությւոնը և այն սահմանները, որ ՀՀ-ն ունի, այն ժամանակ կհասկանանք թե ինչ ենք անում»,- ասել է Գրիգորյանը:

Վերջինս նաև նկատել է՝ երբ ՀԱՊԿ դիտորդները փորձում էին գալ և նրանց հարցրել ենք՝ գալիս եք ո՞ր սահմանը պաշտպանելու, նրանք որևէ հստակ պատասխան չեն տվել. «Այսինքն ՀԱՊԿ-ը երբևէ չի ճանաչել ՀՀ սահմանը, ՀԱՊԿ-ը չի ճանաչել իր պատասխանատվության գոտին մեր տարածաշրջանում և սա շատ լուրջ խնդիր է ՀՀ-ի համար»:

  • Կիսվել: