երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
«Մենք համերաշխ ենք ընդհանուր բողոքի ալիքի հետ». Լևոն Զուրաբյանը խուսափեց ասել, որ ՀԱԿ-ն աջակցում է շարժմանը

«Մենք համերաշխ ենք ընդհանուր բողոքի ալիքի հետ». Լևոն Զուրաբյանը խուսափեց ասել, որ ՀԱԿ-ն աջակցում է շարժմանը

Միայն ընտրություններով պետք է լուծվեն հարցերը, ուրիշ լուծում չկա: Այս մասին «Հաղթանակի» զբոսայգում լրագրողների հետ զրույցում նշեց ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը:

«Եթե իշխանությունը լրիվ իրեն սպառել է եւ իշխանության շարունակությունը մեծ արհավիրքներ է խոստանում հայ ժողովրդի համար, այդ  ուժը պետք է հեռանա: Այդ դեպքում ո՞վ պետք է կազմի իշխանությունը, դա պետք է որոշի ժողովուրդը: Իհարկե, պետք է լինեն ընտրություններ»,- ասաց նա:

Հարցին՝ ՀԱԿ-ը աջակցո՞ւմ է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը, Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Մենք ունենք շատ կոշտ քննադատություն Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը: Մենք իհարկե, համերաշխ ենք ընդհանուր բողոքի ալիքի հետ, բայց ամեն ինչ կախված է այդ քաղաքական մեսիջներից եւ ծրագրից: Մեր բառապաշարում միանալ բառ չկա, մենք կամ առաջնորդում ենք համաժողովրդական շարժումը, կամ հետեւում ենք ուրիշի ռաջնորդած շարժմանը եւ տալիս ենք մեր գնահատականները ըստ պատշաճի:

Հիմա մեր քննադատությունը Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը, դա աջակցությո՞ւն է, թե՞ դրանով խանգարում ենք: Այս շարժումը սկսվել է հատվածական սահմանազատումից: Մենք համարում ենք, որ դա կործանարար քաղաքականության հետեւանք է: Բնականաբար, մենք դրա դեմ բողոքում ենք: Ամենաճիշտը եւ ամենահիմնավորվածը մենք ենք քննադատում»:

Զուրաբյանը նկատեց, որ եթե այս շարժման արդյունքում թողնեն մարդկանց, որոնց ժողովուրդը չի ընդունում, անմիջապես կլինեն անհաջողություններ. «Այս պահին ես ձեւավորված հարթակ չեմ տեսնում, որ ինչ-որ գնահատականներ տամ: Բայց եթե հարթակը սխալ ձեւավորվի, դա պրոբլեմներ է ունենալու»:

  • Կիսվել: