երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Մանվել Գրիգորյանի համարձակությունը խառնել են ունեցվածքի հետ. պաշտպան

Մանվել Գրիգորյանի համարձակությունը խառնել են ունեցվածքի հետ. պաշտպան

«Բառիս բուն իմաստով մեր նկատմամբ բիրտ ուժ է կիրառվում, մեզ ցույց են տալիս, որ երկրում իրավական լուծումներն այլևս փակված են, և դրանք պետք է փնտրել կա՛մ փողոցում, կա՛մ քաղաքական հարթակներումվ,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը՝ նշելով, որ իրենց դատարանից բառի բուն իմաստով դուրս են մղում:

Նա նշեց, որ իրենք կընդունեն մարտահրավերը և կձեռնարկեն բոլոր քայլերը, որոնք հնարավոր է ձեռնարկել այդ պարագայում ձեռնարկել:

Մկրտչյանը նշեց նաև, թե, ըստ դատարանի, պաշտպանները չարաշահում են իրավունքը, սակայն, իր խոսքով, դա այդպես չէ. «Մենք անգամ ցանկության դեպքում չենք կարող իրավունքը չարաշահել, որովհետև գործ ունենք ծանր հիվանդ պաշտպանյալի հետ»:

Պաշտպանը վստահ է, որ խնդիրը միայն իրավական չէ: Ըստ նրա՝ պաշտպանները բազմաթիվ միջնորդություններ են ներկայացրել, որ դատարանը լսի բժշկական փորձագետներին, բայց դրանք մերժվել են:

Նա ասաց. «Փորձագետներին չլսելը, իմ կարծիքով, գործը տանում է դեպի արագ հանգուցալուծում, որ Մանվել Գրիգորյանը դատարանի կողմից և  դատարանին հանձնարարություն տվողի կամ տվողների կողմից դիտարկվում է որպես նախկին օլիգարխ և սխալմամբ է դիտարկվում, որովհետև իրականությունն այլ է: Ես շատ ժամանակ եմ իր հետ անցկացնում և տիրապետում եմ մեծ ինֆորմացիայի: Մանվել Գրիգորյանի համարձակությունը, խիզախությունը խառնել են ունեցվածքի հետ, և եթե մարդը համարձակ խոսել է, մտածել են` դե, հարուստ է: Միշտ մտածել են, թե՝ եթե նախկինները միշտ համարձակ են իրենց պահում, ուրեմն`շատ փող ունեն, մինչդեռ ազատ խոսելու պատճառը փողը չէ»:

Հիշեցնենք, որ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների նստավայրում անցկացվել է ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը:

Նշենք նաև, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար:

  • Կիսվել: