շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Լուրջ ե՞ք ասում, թե չգիտեիք` «Ալեքս հոլդինգը» Սամվել Ալեքսանյանինն է. ԲՀԿ-ականը՝ Հակոբ Կարապետյանին

Լուրջ ե՞ք ասում, թե չգիտեիք` «Ալեքս հոլդինգը» Սամվել Ալեքսանյանինն է. ԲՀԿ-ականը՝ Հակոբ Կարապետյանին

Դուրս է գալիս, որ այն, ինչ բամբասանք էր, իրականություն է: Այս մասին Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանին ասաց  ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանը: Նշենք, որ Կարապետյանն այսօր ասուլիս էր տալիս` անդրադառնալու Երևանի քաղաքապետարանի ստացած նվիրատվություններին: 

«Եթե ծածուկ չպահեիք, բամբասանքներ չէին լինի»,-ասաց ԲՀԿ-ականը ու հավելեց. «Եթե իսկապես դուք նպատակադրված էիք հրապարակել ձեր նվիրատվությունները դեկտեմբերին, ապա կարիք չկա այսօր լրագրողներին հրավիրել ու ասուլիս տալ։ Նվերը լավ բան է, բոլորս հասկանում ենք, բայց ի՞նչն է պատճառն այն ծածուկ պահելու»:

Ինչ վերաբերում է Հակոբ Կարապետյանի պնդմանը, թե գործարար Սամվել Ալեքսանյանը քաղաքապետարանին նվերներ չի տվել, իսկ բեռնատարներ նվիրաբերած «Ալեքս հոլդինգ» ընկերության հիմնադիր սեփականատերն Ալեքսանյանը չէ, այլ բոլորովին այլ անձ, Մարկոս Հարությունյանը ասաց . «Լո՞ւրջ եք ասում, որ չգիտեիք, որ «Ալեքս հոլդինգը» Սամվել Ալեքսանյանին է»:

Հակոբ Կարապետյանն արձագանքեց.«Եթե Ձեր խնդիրն այն է, որ Ձեր հարցը ձայնագրվի և հնչի ու դրա ֆոնին եթերում երևալն է, ապա որևէ խնդիր չեմ տեսնում: Ես Ձեր հարցերին պատասխանել եմ»։

Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Երևանի քաղաքապետարանը աղբահանություն իրականացնելու համար օգտագործում է ոչ միայն իր ձեռք բերած, այլ տարբեր ընկերություններից` այդ թվում Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությունից ստացած բեռնատարներով, ինչը գաղտնի էր պահվել:

  • Կիսվել: