երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Կոռուպցիոն գործերի մեջ ներքաշվածներին ձերբակալելիս խղճի խայթ չենք ունենա. Փաշինյանը՝ նախարարների աշխատավարձերի բարձրացման մասին

Կոռուպցիոն գործերի մեջ ներքաշվածներին ձերբակալելիս խղճի խայթ չենք ունենա. Փաշինյանը՝ նախարարների աշխատավարձերի բարձրացման մասին

Երբ հնարավոր այդպիսի մարդկանց կոռուպցիոն գործերի մեջ ներքաշված լինելու համար մենք ձերբակալենք, կալանավորենք ու դատապարտենք, այդ ժամանակ խղճի խայթ չենք ունենա ու չենք ասի, թե մենք այդ մարդուն այնքան քիչ ենք վճարել, որ նրան ուրիշ տարբերակ չենք թողել, քան գնալ տարբեր կոռուպցիոն գործարքներ փնտրել: Այս մասին «Կոռուպցիայի դեմ պայքարը՝ հանուն կայուն զարգացման նպատակների» թեմայով քննարկմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նախարարների աշխատավարձերի բարձրացումը չի արվել  կոռուպցիան կանխարգելելու իմաստով, որովհետև կոռուպցիոները 1,5 միլիոն դրամով, ինչպես ցույց է տալիս փորձը, չի բավարարվելու: Դա արվել է բոլորովին ուրիշ իմաստով», - ասաց վարչապետը։

Կառավարության ղեկավարն արդարացված է համարում աշխատավարձերի բարձրացումը հենց այս տրամաբանությամբ, որ խղճի խայթ, մեղավորության զգացում չունենան բոլոր այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր կներքաշվեն կոռուպցիոն գործարքների մեջ։

Վարչապետն անդրադարձավ նաև օրերս Ազգային ժողովում իր՝ «Ես պետական բյուջեից ոչ մի կոպեկ չեմ գողանում» արած արտահայտությանը։ Նրա խոսքով, այդ հայտարարությունից հետո իրեն որոշակիորեն դիսկոմֆորտ է զգում, քանի որ այդ հայտարարությունը կիսատության որոշակի էլեմենտ ունի իր մեջ.

«Այո, ես պետբյուջեից ոչ մի կոպեկ չեմ գողանում, բայց գիտեմ, որ, ցավոք սրտի, Հայաստանի պետական միջոցները հարյուր տոկոս արդյունավետությամբ չեն ծախսվում։ Սա շատ կարևոր արձանագրում է այս հայտարարությունը ամբողջացնելու համար։ Ներառյալ նաև վարչապետի գործունեության հետ կապված պետական ծախսերը ես չեմ կարող հարյուր տոկոս արդյունավետ համարել, ցավոք սրտի», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

 

«Ես ուզում եմ ՀՀ քաղաքացիների առաջ ասել, որ ընդհուպ, հազար դրամի մակարդակով պետական ծախսերի արդյունավետության հասնելը մեր ամենօրյա օրակագի հարց է այլևս», - հավաստիացրեց ՀՀ վարչապետը։

  • Կիսվել: