կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Կոնֆլիկտաբանության մեջ հայտնի վիճակագրություն կա, որ խաղաղ համաձայնագրերի կեսից ավելին խափանվում են հինգ տարվա ընթացքում․ Թոմ դը Վաալ

Կոնֆլիկտաբանության մեջ հայտնի վիճակագրություն կա, որ խաղաղ համաձայնագրերի կեսից ավելին խափանվում են հինգ տարվա ընթացքում․ Թոմ դը Վաալ

Խաղաղության համաձայնագրի ստորագրումը միայն սկիզբն է։ Ակնհայտ է, որ անհրաժեշտ է խաղաղության համաձայնագրի իրականացում։ Այս մասին «Ազատությանը» տված հարցազրույցում նշել է ղարաբաղյան հակամարտության մասնագետ, Քարնեգի հիմնադրամի ավագ փորձագետ Թոմ դը Վաալը:

Նրա խոսքով, կոնֆլիկտաբանության մեջ հայտնի վիճակագրություն կա, որ խաղաղ համաձայնագրերի կեսից ավելին խափանվում են հինգ տարվա ընթացքում. «Իսկ խոսքը բավականին բարդ խաղաղության համաձայնագրերի մասին է: Այնպես որ, դա միայն ստորագրումը չէ, դա ակնհայտորեն նաև իրականացումն է։ Հայաստանն ասում է, որ ցանկանում է խաղաղության համաձայնագրի միջազգային երաշխիքներ, և դա նշանակում է, որ միգուցե պետք է ուժեղացված մոնիտորինգի ներկայություն լինի, ինչպիսին եվրոպական մոնիտորինգի ներկայությունը սահմանին, որպեսզի դա բարձրացնի զսպման գործոնը ու հետ պահի Ադրբեջանին՝ Հայաստանի դեմ ուժի կիրառումից: Կարծում եմ՝ սա է գաղափարը: Եվ հետո փորձում եք հնարավորինս միջազգայնացնել հարցը:

Եվ այստեղ մենք տեսնում ենք լարվածություն Հայաստանի և Ադրբեջանի միջև, որն ասում է՝ ոչ, մեզ պետք չէ որևէ միջազգային պայմանագիր, կամ մեզ պետք են տարածաշրջանային լուծումներ, որոնց տակ նկատի ունեն Թուրքիային, Ռուսաստանին և Իրանին՝ բացառելով Արևմուտքը։ Կարծում եմ՝ սա է հիմնական խնդիրը»,-ասել է նա:

Ինչ վերաբերում է վերադարձի իրավունքին, ապա, Վաալը կարծում է, որ ղարաբաղցիների մեծամասնությունը ներկայիս պայմաններում չի ցանկանում վերադառնալ հայրենիք՝ ադրբեջանական տիրապետության տակ:

«Միգուցե նրանք կուզենային այցելել, կուզենային հետ ստանալ իրենց ունեցվածքը, գուցե ցանկանան այցելել ընտանեկան գերեզմաններ կամ տեղափոխել այդ գերեզմանները Հայաստան: Բայց ես չեմ կարծում, որ որևէ մեկը խոսում է մոտալուտ վերադառնալու իրավունքի մասին։ Իմ կարծիքով՝ վերադարձի այս իրավունքը պետք է լինի ընդհանուր և համապարփակ:

Մենք խոսում ենք վերադարձի մասին, որը պետք է վերաբերի բոլորին, դրա նկատմամբ պետք է լինի որոշակի միջազգային վերահսկողություն, և դա ներառում է ընդհուպ 1988-1990 թվականներին տեղահանվածներին: Այնպես չէ, որ շատերը կցանկանան վերադառնալ Բաքու, Սումգայիթ, բայց կարծում եմ, որ իրավունքը պետք է հաստատվի միջազգայնորեն, և դա կլինի ապագա խաղաղության համաձայնագրի մի մաս»,- ընդգծել է փորձագետը:

  • Կիսվել: