կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Կոչ եմ անում Ալեն Սիմոնյանին և Նիկոլ Փաշինյանին միանալ մեր պայքարին՝ տրանսպորտի թանկացման դեմ. Մարության

Կոչ եմ անում Ալեն Սիմոնյանին և Նիկոլ Փաշինյանին միանալ մեր պայքարին՝ տրանսպորտի թանկացման դեմ. Մարության

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն ավագանու արտահերթ նիստին հայտարարեց, թե իրեն մանդատից զրկելը քաղաքական հաշվեհարդար է։

«Բայց, ասվածից բացի, ևս մի շատ կարևոր դրդապատճառ կա։ Եթե հիշում եք, անցած տարվա դեկտեմբերի ավագանու նիստին ես հայտարարեցի, որ կարմիր գծերը կտրուկ թանկացնելուց հետո այս իշխանությունը սկսելու է տրանսպորտի ուղեվարձը թանկացնելու գործընթացը։ Եվ բառացիորեն այս տարվա առաջին հերթական նիստում, ահա, ՔՊ-ն ներկայացնելու է հանրային տրանսպորտը ավելի քան կրկնակի թանկացնելու մասին նախագիծը։

Ընդ որում, նորից առանց որևէ ադեկվատ հաշվարկի, առանց տրամաբանական հիմնավորման։ Տրանսպորտի գինը ըստ այդ որոշման, ավելի բարձր կլինի, քան Եվրոպայի և Միացյալ Նահանգների մի շարք զարգացած քաղաքներում։ Եվ ահա թե ինչու այս անհեթեթ որոշումից առաջ ուզում են չեզոքացնել ինձ՝ իմանալով իմ դիրքորոշումը տրանսպորտի թանկացման մասին, որը ես շատ հստակ արտահայտել եմ դեռ 11 տարի առաջ։

Տրանսպորտի թանկացման այս խայտառակ նախագծի մասին դեռ առիթ կունենանք մանրամասն խոսելու, բայց միանգամից ասեմ՝ հարգելիներս, դա ձեզ չի հաջողվելու։ Նույնիսկ եթե ՔՊ-ն կարողանա ամսի 13-ին անցկացնել որոշումը ավագանու նիստում, միևնույն է, չի կարողանալու այն իրականություն դարձնել։ Ոչ թե որովհետև այս կուսակցությունը կամ այն կուսակցությունն է խանգարելու, այլ երևանցի՛ն թույլ չի տալու։ Տրանսպորտի թանկացման այս չակերտավոր «ռեֆորմը» չեք մարսելու, ընկերներ, դա ես ձեզ խոսք եմ տալիս։

Եվ ինչպես տասնմեկ տարի առաջ, այնպես էլ հիմա դիմելու ենք քաղաքացիական անհնազանդության բոլոր միջոցներին՝ հրաժարվելու ենք վճարել ձեր ուզած գներով, մարդկանց մեր մեքենաներով տեղ ենք հասցնելու։ Այնպես, ինչպես 150 դրամների մեր նախորդ պայքարի ժամանակ։ Եվ ի դեպ, կոչ եմ անում Ալեն Սիմոնյանին և Նիկոլ Փաշինյանին, որ ինչպես 2013 թվականին եկան ու միացան իմ ու ընկերներիս կազմակերպած ընդվզմանը, այնպես էլ հիմա գան և միանան։ Ու եթե էն ժամանակ իրենց անձնական համեստ մեքենաներով էին, հիմա կարող են «S» դասի Մերսեդեսներով ու BMW-ներով գալ։ Հա, մեկ էլ ձեր ախռաննիկների մեքենաները բերեք, գործ շատ ա լինելու։ Ժողովրդի մասին էիք չէ՞ մտածում։ Կարծում եմ՝ բոլորի համար պարզ է, որ արդեն ոչ»,-հայտարարեց Հայկ Մարությանը։

  • Կիսվել: