երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Կազմակերպությունն ամբողջ ծավալով պահպանում է Երևանի հանդեպ իր պարտավորությունները․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Կազմակերպությունն ամբողջ ծավալով պահպանում է Երևանի հանդեպ իր պարտավորությունները․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ մնալու որոշումը Հայաստանի ինքնիշխան ընտրությունն է։ Այդ մասին «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը․

«Անդամ պետություններն արտաքին խաղացողների հետ փոխգործակցությամբ բազմավեկտոր քաղաքականություն են վարում, ինչը մնում է նրանց ինքնիշխան իրավունքը։ Ըստ այդմ, Երևանի ընտրությունը՝ մնալ ՀԱՊԿ-ի կազմում կամ լքել կազմակերպությունը, նույնպես կլինի այդ անկախ պետության ինքնիշխան որոշումը։  Այլ հարց է, թե ինչպես է Հայաստանի ներկայիս ղեկավարությունը գնահատում Ազգային անվտանգության այն սպառնալիքներն ու ռիսկերը, որոնց բախվում է երկիրը»,- մանրամասնել են ՀԱՊԿ-ից։ 

Մեկնաբանելով Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև առճակատման հավանականությունը կազմակերպությունից դուրս գալու և ՆԱՏՕ-ին մերձենալու ցանկության մասին երկրի ղեկավարության հայտարարությունների ֆոնին, Թասմագամբետովը նման սցենարն անվանել է «ոչ ավելի, քան հիպոթետիկ»: Միաժամանակ նա նշել է, որ «անհրաժեշտ է հաշվի առնել կողմերի ռեսուրսային բազան և իրական հնարավորությունները, ուստի այս հարցը, եթե նույնիսկ այս պահին այն չի կարող ծայրահեղ հրատապ դասվել, վերլուծություն է պահանջում»։

«Քարտուղարության վերլուծաբանները նշում են, որ Հարավային Կովկասում ուժերի հարաբերակցությունը կարող է փոխվել, եթե Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, սակայն այս դեպքում կգործեն տարածաշրջանային անվտանգության այն գործոնները, որոնց ազդեցությունն այժմ բավականին դժվար է կանխատեսել և հաշվարկել»,- պարզաբանել է գլխավոր քարտուղարը։

Գլխավոր քարտուղարը ընդգծել է՝ չնայած ՀԱՊԿ միջոցառումներին մասնակցությունը դադարեցնելու Հայաստանի որոշմանը՝ կազմակերպությունն ամբողջ ծավալով պահպանում է Երևանի հանդեպ իր պարտավորությունները. «ՀԱՊԿ-ն իր աշխատանքում հաշվի է առնում Անդրկովկասյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ակտիվությունը, սակայն Հավաքական անվտանգության պայմանագիրն առաջարկում է «մեղմ դաշինք»՝ հարգանք մասնակից երկրների ինքնիշխանության նկատմամբ և խիստ կարգապահության բացակայություն։ Եվրասիական ինտեգրացիոն կառույցների նկատմամբ Արևմուտքի քաղաքականությունն իսկապես ազդում է և կազմակերպության, և մասամբ դաշնակիցների վրա։ Դրա հետ մեկտեղ ՀԱՊԿ-ի փորձը, իսկ ապրիլի 20-ին մենք նշեցինք Հավաքական անվտանգության պայմանագրի ուժի մեջ մտնելու 30- ամյակը, ցույց է տալիս կազմակերպության կայունության բարձր աստիճանը եւ հարմարվողական բարձր ներուժը»։ 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: