շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կա որոշակի ճշմարտություն, կա նաև որոշակի թյուր տեղեկություն. Սուրեն Պապիկյանը՝ դատվածություն ունենալու փաստի մասին

Կա որոշակի ճշմարտություն, կա նաև որոշակի թյուր տեղեկություն. Սուրեն Պապիկյանը՝ դատվածություն ունենալու փաստի մասին

Երեկ հրապարակում կար առ այն, որ ես իմ կենսագրության մեջ ինչ-որ խմբագրումներ, սրբագրումներ եմ արել և թաքցրել եմ իմ կյանքի որոշ հատվածներ, մասնավորապես, դատվածության մասին տեղեկություն եմ թաքցրել։ Այս մասին այսօր իր Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով մամուլում իր մասին շրջանառվող այն թեմային, որ թաքցրել է դատապարտված լինելու փաստը։

Նշենք, որ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, որը նաև «Քաղպայմանագիր» կուսակցության վարչության նախագահն է և այժմ արդեն սահմանադրական հանրաքվեի «այո»-ի շտաբի ղեկավարը, թաքցրել է, որ ժամանակին քրեական հոդվածով մեղադրանք է առաջադրվել իրեն, և անգամ դատապարտված է եղել։

«Ուզում եմ տեղեկացնել, որ եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որևէ դատվածություն մարված է, ապա տվյալ անձը դատված չի համարվում:  Պատմությունն ունի մոտ մեկ ու կես տասնյակի վաղեմություն, որը փորփրելով, մեր շատ սիրելի գործընկերները փորձել են իմ կյանքի վատ կամ մրոտ տեղերը գտնել: Գրում են ինչ-որ կտրող-ծակող սուր գործիքների մասին, դա իրականությանը չի համապատասխանում, ես որևէ նման արարք չեմ արել: Իմ մասնակցությունը ոչ կանոնադրային հարաբերություններին է վերաբերում, նաև ես որևէ մեղք չեմ ընդունել, համաներմամբ ազատ եմ արձակվել ու դրանով համարվել է մարված իմ դատվածությունը, դա մոտավորապես եղել է 13-14 տարի առաջ», - ասաց նա։

Նախարարը ներկայացրեց, որ հայկական բանակում չի ծառայել, այդ ընթացքում են որոշ խնդիրներ եղել։

«Այն ամենը, ինչ ներկայացվել է, կա որոշակի ճշմարտություն, կա նաև որոշակի թյուր մատնություն»,- շեշտեց նա:

Պապիկյանը նշեց, որ պատմությունը չի թաքցվել ու բոլորն են իմացել այդ մասին։ Նա 2006 թվականի մարտի 27-ին դատապարտվել է 2 տարի 3 ամիս ազատազրկման, սակայն 2007 թվականի փետրվարի 23-ին համաներմամբ ազատ է արձակվել։

Նախարարը դիմեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենին և ՀՀ ոստիկանության պետին՝ խնդրելով պարզել, թե ինչպես են իր անձնական տվյալները հասանելի դարձել որոշ լրատվամիջոցների:

Ավելին՝ տեսանյութում:

  • Կիսվել: