չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Իշխանությունը ուղղակի Ադրբեջանի խոսքով գնում է զիջումների, սա նոր լեվլ է. Հայկ Մարության

Իշխանությունը ուղղակի Ադրբեջանի խոսքով գնում է զիջումների, սա նոր լեվլ է. Հայկ Մարության

Մենք չպետք է Տավուշի դեպքերը տարանջատենք այսօրվա ընդհանուր խնդիրներից, և այս բոլոր խնդիրները իրականում հետևանք են մեր իշխանության անհետևողական, չկապակցված  և չմտածված գործողությունների: Տավուշից հետո Ադրբեջանը նոր պահանջներ է դնելու, հետևաբար, հարցը պետք է գլոբալ լուծվի, այս իշխանությունն այլևս չունի լեգիտիմություն զբաղվելու Հայաստանի համար կարևոր հարցերով: Այս մասին այսօր «Նոր ուժ» կուսակցության հիմնադիր համագումարում իր ելույթում նշեց Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը:

Հարցին, թե ի՞նչ նոր առաջարկ կարող է ներկայացնել կուսակցությունը Տավուշում սահմանազատման  վերաբերյալ, Հայկ Մարությանը պատասխանեց, որ  հարցին հստակ պատասխան տալու համար պետք է իմանալ բանակցությունների բոլոր մանրամասները՝ ի՞նչ է խոսում երկրի վարչապետը այլ երկրների ղեկավարների հետ, ի՞նչ խոստումներ է տվել, որ հիմա ստիպված կատարում է, միգուցե նոր է տալու:

«Ամենակարևոր հարցն այն  է, որ եթե մեր թշնամիները նորանոր պահանջներ են դնում, և եթե մենք որպես պետություն իրավունք չունենք այդ պահանջները իրականացնել, մենք պետք է մեր շահերը պաշտպանենք, և եթե նրանց ագրեսիան ավելի մեծ մաշտաբների հասնի, և մենք ստիպված լինենք մտնել այդ պրոցեսների մեջ, պետք է հասկանանք, որ այս իշխանության ներքո մենք չենք կարող պատերազմի մեջ մտնել: Այս իշխանությունը արդեն ցույց է տվել, որ ունակ չէ պատերազմ վարելու»,-պարզաբանեց նա:

«Առաջարկ անելու համար պետք է իմանալ բանակցային պրոցեսի մանրամասները: Բնականաբար, մենք տեսնում ենք, որ միակողմանի զիջում է, որովհետև մենք չունենք վստահություն, որ Ադրբեջանը նոր պահանջներ չի դնելու: Եթե առաջ Ադրբեջանը ռազմական ագրեսիայի միջոցով էր ստիպում զիջումների գնալ, այսօր ուղղակի խոսքով: Հասել ենք այնտեղ, որ մեր իշխանությունը ուղղակի Ադրբեջանի խոսքով, գնում է զիջումների, սա նոր ստադիա է, նոր լեվլ  է:  Մենք իշխանությանն ասում ենք, տվեք մեզ տեղեկատվությունը, մենք դրա հիման վրա լուծումներ առաջարկենք»,-ասաց Հայկ Մարությանը՝ ընգծելով, որ հարցի գլոբալ լուծումը իշխանափոխությունն է:

  • Կիսվել: