երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Իրանը կզբաղվի ռուսական ինքնաթիռների նորոգմամբ եւ տեխնիկական սպասարկմամբ

Իրանը կզբաղվի ռուսական ինքնաթիռների նորոգմամբ եւ տեխնիկական սպասարկմամբ

Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության մամուլի խոսնակ Միր Աքբար Ռազավին հայտարարել է Իրանի եւ Ռուսաստանի միջեւ փոխըմբռնման հուշագրի ստորագրման մասին, որի հիման վրա երկու երկրների միջեւ ուղեւորափոխադրումների թիվը հասել է շաբաթական 35-ի: Այս մասին  հայտնում է Mehr-ը։

Ռազավին հայտնել է, որ Ռուսաստանի տրանսպորտի փոխնախարարն այս գիշեր հանդիպել եւ բանակցություններ է վարել Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Մոհամմադի-Բախշի հետ։
 
Իրանի եւ Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչները հանդիպման ժամանակ ընդգծել են օդային տրանսպորտի ոլորտում երկկողմ համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը, ասել է նա։
 
Հանդիպման ընթացքում երկու երկրների միջեւ թռիչքների հաճախականության ավելացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել, որի հիման վրա երկու երկրների միջեւ ուղեւորափոխադրումների թիվը հասել է շաբաթական 35-ի, ընդգծել է Ռազավին։
 
Ստորագրված փաստաթղթի համաձայն՝ երկու երկրների ավիաընկերություններին վերոնշյալ համաձայնագրով թույլատրվում է առանց թողունակության սահմանափակման բեռնափոխադրումներ իրականացնել:
 
Որոշվել է նաեւ համաձայնագիր ստորագրել Ռուսաստանի հետ համագործակցության մասին՝ Իրանում արտադրված մասերի եւ սարքավորումների՝ Ռուսաստան արտահանման, ինչպես նաեւ իրանական վերանորոգման կենտրոնների կողմից ռուսական ինքնաթիռների վերանորոգման եւ սպասարկման ծառայությունների եւ տեխնիկական աջակցության տրամադրման շրջանակներում, հավելել է Ռազավին:

  • Կիսվել: