երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ինչու է Արսեն Բաբայանի տեսակցությունների վրա արգելանք դրվել. Պատասխանում է ՀՔԾ պետը

Ինչու է Արսեն Բաբայանի տեսակցությունների վրա արգելանք դրվել. Պատասխանում է ՀՔԾ պետը

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հարցերին պատասխանելիս անդրադարձել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի կալանքին ու նրա տեսակցությունների արգելքին:

«Գործը քննող քննիչը եկել է այն եզրահանգման, որ Արսեն Բաբայանի պատշաճ վարքագիծը կարող է ապահովվել միայն կալանավորման պայմաններում և նաև հենց այդ նկատառումներով արգելանք է դրվել նրա տեսակցությունների վրա», -ասաց ՀՔԾ պետը:

Դիտարկմանը, թե կիրառվում են երկակի ստանդարտներ՝ մի դեպքում մեղադրյալը բաց է թողնվում, մեկ այլ դեպքում մեղադրյալին արգելում են տեսակցել նույնիսկ հարազատների հետ, ՀՔԾ պետը արձագանքեց. «Ամեն գործ յուրահատուկ է իրավական տեսանկյունից»: Մեկ այլ լրագրող էլ նկատեց, որ երբ մի պատգամավոր ցանկանում է տեսակցել ցմահ դատապարտյալ Նաիրի Հունանյանին, թույլատրվում է, երբ մեկ այլ պատգամավոր ցանկանում է տեսակցել Արսեն Բաբայանին, չի թույլատրվում: «Եկեք չնույնացնենք պատիժը կրող անձին, նախաքննության ընթացքում խափանման միջոցի տակ գտնվող անձի հետ: Նրանց կարգավիճակներն են տարբեր, հարգելիս: Նաիրի Հունանյանը դատապարտված է, պատիժ է կրում: Խափանման միջոց կալանքը կիրառվում է այն դեպքերում, որ բացառվի նրա շփումը այլ անձանց հետ», -արձագանքեց Սասուն Խաչատրյանը:

Հարցին, թե ինչո՞վ է խանգարում նրա շփումը իր անչափահաս երեխաների հետ, Խաչատրյանը պատասխանեց, որ ինքը նման տեղեկություն չունի ու հավելեց. «Ես չեմ տիրապետում տեղեկատվության, որ նրա շփումը անչափահաս երեխաների հետ արգելվել է: Եթե նման թյուրիմացություն եղել է, դա անպարյման կշտկվի»: Հիշեցնենք՝ Արսեն Բաբայանը մեղադրվում է իշխանության յուրացմանն օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար:

  • Կիսվել: