երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ինչո՞ւ ենք պարտվել, որովհետեւ մենք 30 տարի մենք մեր բանակի վրա համապատասխան ներդրումներ չարեցինք․ Ջհանգիրյան

Ինչո՞ւ ենք պարտվել, որովհետեւ մենք 30 տարի մենք մեր բանակի վրա համապատասխան ներդրումներ չարեցինք․ Ջհանգիրյան

Երբ պատերազմում պարտվում են, շատ բաներ հետո այլ կերպ է լուծվում. Մենք էլ հաղթող կողմ ենք եղել 30 տարի, պետք է հիշեք, թե հակառակորդը մեզ հետ ոնց էր շփվում ու ով էր թելադրում իրավիճակը: Այս մասին այսօր «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց գլխավոր դատախազի նախկին տեղակալ, ԲԴԽ նախկին նխագահ Գագիկ Ջհանգիրյանը:

«Հաղթող կողմը թելադրում է: Ինչո՞ւ ենք պարտվել, որովհետեւ մենք 30 տարի մենք մեր բանակի վրա համապատասխան ներդրումներ չարեցինք, չզինեցինք ժամանակակից զենքով, տեխնիկայով, ՀՕՊ միջոցները հին էին, անօդաչուների վրա ուշադրություն չդարձրեցինք: Մեզ թվում էր, թե մեզ ինչ-որ մեկը պետք է պաշտպանի եւ Ադրբեջանը մեզ պատերազմ չի հայտարարի: Պարզվեց, որ այդ բոլոր երաշխիքները, որ կային, սուտ էին: Եվ մեր բանակի՝ Կովկասում ամենաուժեղ բանակ լինելու մասին գնահատականները, որոնք ճիշտ էին մինչեւ 1994-1997 թվականները,  հետագայում երկրի ղեկավարությունը այդ բանակի վրա համապատասխան ուշադրություն չի դարձրել, բանակը ժամանակակից զենքով, տեխնիկայով չի զինել: Միայն զենքը չի, մեր մարտավարությունը  հին է եղել, սովետական, ռուսական բանակի մարտավարություն: Այդ մարտավարությամբ ռուսական բանակը Ուկրաինայում պարտվեց, հիմա նոր անցել են արեւմտյան ստանդարտներին, փոքր խմբերով են գրոհում, այլ ձեւով են կազմակերպում հարձակումն ու պաշտպանությունը»,-ասաց նա:

Հարցին, թե այդ դեպքում Ադրբեջանն ի՞նչ զենքեր է մեզնից վերցրել, Ջհանգիրյանը պատասխանեց. «Այնտեղ տանկեր են եղել, հրանոթային համակարգեր, որոնց մի մասը ժամանակին Հայաստանն է մատակարարել, մի մասը առաջին ազատագրական պատերազմի ժամանակ հենց ադրբեջանցիներից էինք վերցրել, հետո ժամանակակից սարքավորումներ վերցրել: Ադրբեջանը հաղթել է, դրա համար էլ վերցրել է:

Եթե քո պաշտպանության բանակը պարտվել է, Հայաստանի զինուժն էլ հետը, այդտեղ ինչ-որ բաներ պետք է փոխվեն, չէր կարող  չփոխվել»:

  • Կիսվել: