երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
«Հրապարակ»․ «Արտասահմանյան պաշտոնական գործուղումներին» 2019 թվին հատկացված գումարն ավելացվել 95 մլն դրամով։

«Հրապարակ»․ «Արտասահմանյան պաշտոնական գործուղումներին» 2019 թվին հատկացված գումարն ավելացվել 95 մլն դրամով։

«Հրապարակ» թերթը գրում է․ «Կառավարության երեկվա նիստի չզեկուցվող հարցերի թվում՝ 61-րդ հարցով իշխանությունը հերթական ծածուկ որոշումն է կայացրել։ Զեկուցողը եղել է ֆինանսների նախարարությունը։ Հարցը կոչվում է․ «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի որոշման մեջ փոփոխություններ կատարելու եւ գումար հատկացնելու մասին»։

Որոշվել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին «Արտասահմանյան պաշտոնական գործուղումներին» 2019 թվին հատկացված գումարն ավելացնել 95 մլն դրամով։ Բացատրությունն այն է, որ հատկացված գումարները չեն բավարարել։ Իսկ 2019-ին պետական բյուջեով նախատեսված է եղել 350 մլն դրամ, ընդ որում՝ կառավարության նախկինում կայացված 3 որոշումներով նշված գումարն ավելացվել է 530 մլն դրամով՝ կազմել 880 մլն: Մինչ այս պահը այդ 880-ից ծախսվել է 844.2 մլն-ն, սակայն մնացած 36 միլիոնը, պարզվում է, բավարար չէ մինչեւ տարեվերջ գործուղումների գնալու համար, ուստի եւս 95 միլիոն են ավելացրել: Այսինքն՝ պետական բյուջեից մոտ 2 միլիոն դոլար ծախսվել է վոյաժների վրա, ինչը փորձում են հանրությունից գաղտնի պահել»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: