կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ՀՀ-ում իշխանափոխություն հնարավոր է միայն Ազգային Ժողովի ընտրություններով, որը տեղի է ունենալու 2026 թվականին․ Ալեն Սիմոնյան

ՀՀ-ում իշխանափոխություն հնարավոր է միայն Ազգային Ժողովի ընտրություններով, որը տեղի է ունենալու 2026 թվականին․ Ալեն Սիմոնյան

Ես հարգանքով եմ վերաբերվում բոլոր մեր քաղաքացիներին, որոնք այլ կարծիք ունեն, որոնց հետ ես համաձայն չեմ: Կարող եմ համաձայն չլինել, ինչպես նաև իրենք՝ իմ կարծիքի հետ, բայց ես քաղաքական պահանջ չեմ լսել: Այդ մասին ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե ինչ գնահատական է տալիս իշխանությունը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նախաձեռնությանը:

«Ո՞րն է պահանջը: Կասեցնել միակողմանի զիջումնե՞րը (կրկնում է լրագրողի ձևակերպումը -խմբ.): ՀՀ-ն միակողմանի զիջումների չի գնում, ՀՀ-ն ֆիքսում է իր սահմանը, և այդ գործընթացը շարունակվելու է այն քարտեզներով, որոնք ունեն իրավական հիմքեր, իսկ այդ քարտեզներին ու իրավական հիմքերին մենք ամբողջությամբ տիրապետում ենք»,- ասաց նա:

Հարցին՝ իշխանափոխության վտանգ տեսնո՞ւմ է, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «ՀՀ-ում իշխանափոխություն հնարավոր է միայն ԱԺ ընտրություններով, որը տեղի է ունենալու 2026 թվականին»:

Լրագրողի դիտարկմանը, թե իշխող ուժը ևս նմանատիպ շարժման միջոցով է իշխանության եկել, Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Այն ժամանակ ՀՀ իշխանությունը ձևավորված չէր ընտրությունների միջոցով, և ՀՀ ժողովուրդը վերականգնեց իր ընտրելու իրավունքը, ընտրեց իր ցանկացած իշխանությանը: 2021 թվականին նորից գնաց ընտրությունների և ձևավորեց իշխանություն: Հաջորդ իշխանությունները կարող են ձևավորվել միայն ընտրությունների միջոցով»:

Ալեն Սիմոնյանի նաև նշեց, որ գիտի՝ ժողովուրդն ինչ է մտածում իր մասին և, առհասարակ, քանի որ, ըստ ԱԺ խոսնակի, «իր և ժողովրդի կապը չի կտրվում»:

«Վստահ եմ, որ ՀՀ ժողովուրդն ամեն ինչ շատ լավ հասկանում է, վստահ եմ, որ ՀՀ ժողովուրդը վստահում է սահմանազատման և սահմանագծման գործընթացին, գիտի, որ Հայաստանը պետք է խաղաղության մեջ ապրի, պատերազմ չի ուզում, չի պատրաստվում հներին վերադարձնել իշխանությունը, չի պատրաստվում կրոնապետության գնալ, չի պատրաստվում եկեղեցու որոշ անդամներին դիտարկել որպես քաղաքական գործիչ, որը, ըստ իս, անընդունելի է, և հասկանում է, որ եկեղեցին, Աստվածը, հույզերը, այն էմոցիաները, որն ունենք որպես քրիստոնյա մարդիկ, և անհատները, որոնք այսօր քաղաքական շահ են սպասարկում, տարբեր բաներ են: Դրա համար չեմ հավատում, որ ՀՀ ժողովուրդն իր իմաստությունը կորցրել է»,- ասաց նա:

Հարցին՝ արտաքին հետք տեսնո՞ւմ է նախաձեռնված գործընթացում, ԱԺ խոսնակը դրական պատասխանեց. «Եթե մտնում, տեսնում եք, որ տարբեր տեղերից տարբեր ուղղվածություն, ֆինանսավորում, տարբեր ծագումնաբանություն ունեցող բլոգերներ, և հիմնականում տարբեր երկրներում գտնվող, հայտարարում են, որ միանում են այս հզոր շարժմանը, իհարկե, բնական է, որ տեսնում եմ, ակնհայտ է»:

  • Կիսվել: