շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՀՀ արտաքին քաղաքականությունը պետք է լինի բալանսավորված․ Մամիջանյան

ՀՀ արտաքին քաղաքականությունը պետք է լինի բալանսավորված․ Մամիջանյան

Հայաստանի ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը համարում է, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը պետք է լինի բալանսավորված:

Մամիջանյանը նման դիրքորոշում հայտնեց խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով ԵՄ անդամակցության հնարավոր թեկնածու դառնալու  վերաբերյալ հարցին:

«Ես համարում եմ, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը պետք է լինի բալանսավորված՝ այնպիսին, ինչպիսին եղել է: Ես պատիվ ունեմ ներկայացնելու մի քաղաքական միավոր (Հայաստանի Հանրապետական կուսակցություն), որը պատասխանատվություն է կրում Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման և վավերացման մեծ մասի համար»,-ասաց Մամիջանյանը:

Նա հավելեց՝ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականությունից կարելի է ենթադրել, որ նրա քաղաքական թիմի անդամը բալանասավորված արտաքին քաղաքականության կողմնակից է:

«Յուրաքանչյուրը դաշնակցային հարաբերություն, յուրաքանչյուր գործընկերային հարաբերություն պետք է ծառայի Հայաստանի շահին: Անվտանգություն պետք է որոնես այնտեղ, որտեղ անվտանգություն գեներացնող են, ոչ թե սպառող, տնտեսական զարգացում պետք է որոնես այնտեղ, որտեղ դու մրցունակ ես: Օրենքի գերակայություն, անկախ դատական համակարգ, ժողովրդավարություն պետք է որոնես այնտեղ, որտեղ դա լավ է զարգացած: Եվ յուրաքանչյուր գործընկերոջից կամ դաշնակցից պետք է պայմանագրային, գործընկերային, դաշնակցային հիմունքներով կարողանաս ստանալ իմ նշածներից յուրաքանչյուրը քո երկրի համար»,-ասաց Մամիջանյանը:

Նա կարևորեց Հայաստանի արտաքին քաղաքականությունը կառուցելը՝ հաշվի առնելով տարածաշրջանը, աշխարհաքաղաքական իրավիճակը և այլ գործոններ:

Մամիջանյանը համեմատությամբ խոսեց՝ երկու փիղ իրար հետ մենամարտում են, երբեք չես կարող ասել, թե որ փիղը կհաղթի: Բայց այն վայրը, որտեղ այդ մենամարտը տեղի է ունենում, վստահաբար ավերակների է վերածելու: Նա մեղադրեց Հայաստանի իշխանությանը՝ վարած քաղաքականության շատ ասպեկտներով այդտեղ տանելու համար:

Նա շեշտեց՝ երբևէ չի հանդուրժի, որ իր հայրենիքը դառնա աշխարհաքաղաքական հաշիվ պարզելու վայր:

  • Կիսվել: