կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հեղափոխությունը բացառապես ներհայաստանյան երևույթ էր և աշխարհաքաղաքական հետևանքներ չունեցավ. վարչապետ

Հեղափոխությունը բացառապես ներհայաստանյան երևույթ էր և աշխարհաքաղաքական հետևանքներ չունեցավ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը ԱՄԷ «Gulf News» թերթին: Նախաբանում ասվում է.

2018 թվականին Հայաստանի խաղաղ ժողովրդավարական հեղափոխության ալիքի վրա գալով իշխանության՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն իր գործունեության առաջին 100 օրում մի շարք նշանակալի հանգրվանների է հասել, և այժմ խորը հիմքեր է դնում ապագայի համար:

12 տարվա ընթացքում առաջին անգամ ավելի շատ հայեր վերադառնում են հայրենիք, քան հեռանում երկրից, և տնտեսական աճն այժմ կայուն ընթացքի մեջ է: Ստորև վարչապետ Փաշինյանը ներկայացնում է՝ ինչպես է իր երկիրը պատրաստում քաղաքականից տնտեսական հեղափոխություն անցում կատարելուն:

Խաղաղ հեղափոխությունից հետո 2018 թվականի մայիսին ընտրվելով վարչապետ՝ Դուք մարմնավորեցիք Հայաստանի համար նոր ժամանակաշրջան կերտողի կերպարը: Ո՞րն է Հայաստանի հեղափոխության և դրա խաղաղ ժողովրդավարական անցման ամենամեծ նշանակությունը:

Մեր հեղափոխությունը ծնվեց ժողովրդավարական փոխակերպումների ակնկալիքով ձեւավորված հանրային մեծ պահանջարկի արդյունքում: Դա բացառապես ներհայաստանյան երևույթ էր և աշխարհաքաղաքական հետևանքներ չունեցավ: Այնուամենայնիվ, ես նկատի չունեմ, որ ժողովրդավարությունը որևէ ազդեցություն չի ունեցել մեր արտաքին քաղաքականության վրա. կասկած չկա, որ այն ամրապնդեց Հայաստանի դիրքերը միջազգային ասպարեզում և հարստացրեց մեր արտաքին քաղաքականությունը կարևոր արժեքներով, սկզբունքներով և շահերով:

Հեղափոխությունը կատարվել է հայ ժողովրդի կողմից՝ որպես կոռուպցիան, լիազորությունների չարաշահումը, տնտեսական և քաղաքական մենաշնորհները, ընտրակեղծիքներն ու քաղաքական մանիպուլյացիաները մերժելու իր կամքի դրսևորում: Ուստի, պաշտոնավարման առաջին իսկ օրվանից Հայաստանի նոր կառավարությունը ձեռնամուխ եղավ խորքային բարեփոխումների իրականացմանը` լուծելու համար այն խնդիրները, որոնք մեր ժողովրդին փողոց էին դուրս բերել և զանգվածային բողոքներ հարուցել Հայաստանում: Արդյունքում, այսօր Հայաստանը գտնվում է շատ ավելի լավ վիճակում առևտրի և տնտեսական համագործակցության համար, քանի որ մեր կառավարությունն զգալի առաջընթաց է արձանագրել կոռուպցիայի դեմ պայքարում, ինչպես նաեւ օրենքի գերակայության ամրապնդման, բիզնեսի և օտարերկրյա ներդրումների ներգրավման համար նպաստավոր պայմաններ ստեղծելու առումով:

Վստահ եմ, որ հեղափոխության ձևավորած բարեփոխումների օրակարգը նոր հեռանկարներ և հնարավորություններ կընձեռի մեր գործընկերների, այդ թվում՝ մեր տարածաշրջանի երկրների հետ համագործակցության համար»:

  • Կիսվել: