չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
Հայրենասիրության մոդելի խնդիր կա, որովհետև մեզ թվում է, որ այս աշխարհում մենք ենք, Թուրքիան ու Ադրբեջանը. Փաշինյան

Հայրենասիրության մոդելի խնդիր կա, որովհետև մեզ թվում է, որ այս աշխարհում մենք ենք, Թուրքիան ու Ադրբեջանը. Փաշինյան

Դիվանագիտությունն ինքը գործիք է, շատ էական է, թե ինչ ծրագիր է դրված իր մեջ և մենք ինչ ծրագիր ենք օգտագործում: Այսինքն՝ դիվանագիտությունն ընդամենը համակարգիչ է, մնացածը կախված է նրանից, թե մենք ինչ ծրագիր ենք ներդրել: Excel է այդ ծրագիրը, Word է, թե Windows է, թե ուրիշ, լիցենզավորվա՞ծ է այդ Windows-ը, թե լիցենզավորված չէ: Եվ դիվանագիտությունն իրականում այս ինչ-որ մենք կխոսենք և կպայմանավորվենք, այդ մեր խոստացածը և պայմանավորվածը փաթեթավորելու և արտաքին աշխարհին ներկայացնելու մեջ է: Այս մասին այսօր Հանրային ռադիոյին տված հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա իր խոսքը պարզաբանեց դիվանագիտության հետ կապված պրակտիկ օրինակով:

՛՛Օրինակ, ի՞նչ կապ ունի Ադրբեջանն այս պատմության հետ: Կապ ունի՞, թե կապ չունի: Սա ներքին խոսակցություն է, բայց խնդիրն այն է, որ միշտ քո միջավայրը և այն մարդիկ, ում հետ դու ունես բարեկամական, թե թշնամական հարաբերություններ, իրենք քո գիտակցության մասն է: Օրինակ, մեր հիմնի մեջ կան տողեր, չէ՞, մեր հիմնը մեր ամենակարևոր տեքստն է, որը մենք պետք է և կարող ենք ունենալ: Օրինակ, մեր հիմնի մեջ կա թշնամի բառը. «թող փողփողա թշնամու դեմ, թող միշտ պանծա Հայաստան»: Այս ի՞նչ է նշանակում, այս նշանակում է, որ թշնամու ընկալումը մեր ընկալման, մեր աշխարհընկալման ամենակարևոր մասն է:

Այս առումով մենք ինչ անում ենք և ինչ չենք անում՝ մեր թշնամին միշտ ներկա է: Կապ չունի՝ մենք դրա մասին հայտարարում ենք, թե չենք հայտարարում: Ու դա աշխարհի հարաբերությունների տրամաբանության մեջ է՛՛,-նշեց նա:

Վարչապետի խոսքով՝ Ադրբեջանում այսօր ձևավորվող գիտակցության 90 տոկոսը լրացնում ենք մենք՝ հայերս, Հայաստանի Հանրապետությունը:

՛՛Որովհետև նրանք իրենց պետականության և հանրային հարաբերությունների ընկալումն ընկալում են Հայաստանից ստացվող, Հայաստանից մղվող ազդեցությունների վրա: Ինչպես է Հայաստանն իրենց վրա ազդում: Ինչպես են և Հայաստանը, և Հայաստանի ընկալումներն ազդում իրենց ընկալումների վրա: Եվ սա փոխադարձ պրոցես է: Բայց ես ուրիշ բան եմ ասում, տեսեք, Դուք հպանցիկ խոսեցիք նաև հռչակագրի մասին: Մեր հռչակագրի դրույթները որո՞նք են: Երեք անկյունաքարային դրույթ կա: Հռչակագիրն ի՞նչ է, մենք հռչակում ենք, հռչակել ենք, թե մենք ինչի համար ենք պետություն ստեղծում, որովհետև հռչակագիրը նրա մասին է, որ մենք սկսում ենք անկախ պետություն ունենալու գործընթաց: Եվ երեք ուղենիշ ենք նշում մենք, մեկը՝ պատմական արդարությունը, մյուսը՝ հայ ժողովրդի իղձերը և երրորդը՝ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի և Հայաստանի Գերագույն խորհրդի վերամիավորման որոշումները: Մենք օրինակ՝ միշտ նայում ենք Ադրբեջանի տեսակետից, իսկ մենք ինչի՞ չենք նայում՝ մեր ուրիշ հարևանները ո՞նց են ընկալում: Ո՞նց են ընկալում այս բանը, որ մենք ասում ենք՝ պետություն ենք ստեղծում, որ պատմական արդարությունը վերականգնենք: Ի՞նչ է նշանակում պատմական արդարությունը վերականգնել: Եկեք պատկերացնենք ուղղակի, թե մենք եթերում չենք, Դուք որպես քաղաքացի, պատմական արդարությունը ո՞նց ենք ընկալում, կամ կներեք, ես Ձեզ դժվար վիճակի մեջ չդնեմ, նույնիսկ էական չէ՝ ոնց ենք ընկալում, մեր միջավայրը ո՞նց է ընկալում պատմական արդարությունը: Ասում ենք՝ Հայաստանի Հանրապետությունը, ըստ էության, ՀԽՍՀ տարածքում հռչակում է անկախություն և ասում է, որ մենք պետք է վերականգնենք պատմական արդարությունը, կամ գուցե հռչակագրի ձևակերպումը մի փոքր այլ կերպ է՛՛,-ասաց նա:

Նա ընդգծեց, որ մենք անընդհատ ասում ենք, թե մեր ուղերձներն ինչպես են ընկալում Ադրբեջանն ու Թուրքիան, սակայն ինչու՞ չենք հարցնում, թե, օրինակ, Վրաստանն ինչպես է ընկալում:

՛՛Հաջորդ հարցը: Մենք այսօր հռչակագրի հետ մեր հարաբերություններն իրոք պետք է կարգավորենք: Հիմա հարց՝ մեր պետական քաղաքականությունն արդյոք պիտի հղվի դրա վրա և արդյոք մեր պետական քաղաքականությունները պետք է այդ ուղերձով առաջնորդվեն և պետք է ելնեն Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի և Հայաստանի Գերագույն խորհրդի՝ Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորման որոշման վրա: Սա քաղաքական ընտրության հարց է: Եթե այո, սա նշանակում է, որ մենք խաղաղություն երբեք չենք ունենա: Ավելին, սա նշանակում է, որ մենք հիմա կունենանք պատերազմ, որովհետև էլի եմ ասում՝ տնտեսությունը տեսեք ինչ լավ աճում է, հիմա մեր բանակը կուժեղացնենք, և ակնհայտորեն բոլորը տեսնում են, որ մենք բանակի վերափոխման վրա շատ լուրջ ռեսուրսներ ենք ծախսում: Այսինքն՝ մենք հռչակում ենք, ասում ենք, որ հիմա բանակն ուժեղացնում ենք և գնանք իրագործենք մեր հռչակագրի դրույթները: Եթե մենք այսպես ենք ասում, սա ի՞նչ է նշանակում: Սա նշանակում է, որ մեր հարևանները դաշինք են ձևավորելու մեզ ոչնչացնելու համար, որովհետև մենք հռչակել ենք, որ առնվազն մենք իրենց հետ թեմա ունենք:

Երկրորդ պահը՝ այն, ինչ ես ասում եմ, իմ ասած այս խոսույթի զարգացումը և ընկալումը ժողովրդի շրջանում, դա Հայաստանն ուժեղացնելո՞ւ է, թե թուլացնելու է: Միանշանակ Հայաստանն ուժեղացնելու է, որովհետև եթե մենք հենվում ենք այս խոսույթի վրա և սա ընտրում ենք որպես երկարաժամկետ ռազմավարություն, մենք զենք ձեռք բերելիս էլ խնդիր չենք ունենա կամ քիչ խնդիր կունենանք կամ մենք զենք ներմուծելիս էլ քիչ խնդիր կունենանք, որովհետև բոլորը կընկալեն, որ այդ զենքը մենք չենք բերում իր համար՛՛,-նշեց նա:

Ըստ Փաշինյանի՝ մենք անընդհատ ամեն ինչ նայում ենք Ադրբեջանի, Թուրքիայի տրամաբանությամբ, և հայրենասիրության մոդելի խնդիր կա, որովհետև մեզ թվում է, որ այս աշխարհում մենք ենք, Թուրքիան ու Ադրբեջանը:

՛՛Հաջորդը՝ էլի շատ կարևոր մի բան: Այն, ինչ ես ասում եմ՝ մեր պետությունն այս առաջարկվող խոսույթն իրագործելու դեպքում ուժեղանալո՞ւ է, թե թուլանալու է: Միանշանակ ուժեղանալու է: Իսկ, կներեք, Ադրբեջանն ուզո՞ւմ է, որ մեր պետությունը ուժեղանա: Իհարկե, չի ուզում, որովհետև նա՝ ա) թշնամանքի խորը զգացում ունի մեր նկատմամբ և ինքը բացի ռազմավարական և այլ բաներից, ուզում է մեզնից վրեժխնդիր լինել: Եվ, հիմա, երբ ինքը տեսնում է, որ Հայաստանում խոսույթ է ձևավորվում, որը հնարավոր է, որ իրագործվի և որի արդյունքում Հայաստանի Հանրապետությունը կուժեղանա, ինքը պետք է ամեն ինչ անի, որ դա ընդհակառակը՝ Հայաստանի թուլացման պատճառ դառնա: Ու ինքն ի՞նչ պիտի ասի, պիտի ակնարկ անի, ասի՝ դե մեր պահանջով են այս ամեն ինչն անում: Ես ինչի էի ասում՝ մենք երկուսով ենք խոսում, սա մեր ներքին խոսակցությունն է, ինքն անընդհատ ուզենալու է մեր խոսակցության սեղանի շուրջը նստել, որ մեր խոսակցությունը մեզ հետ տեղի չունենա: Մանավանդ, որ հասկանալիորեն Հայաստանում կան ուժեր՝ մի մասն անկեղծ, օբյեկտիվորեն, մյուս մասը՝ ուղղորդմամբ, որոնք չեն ուզում, որ այս բովանդակությունն ընկալվի, նրանք ուզում եմ ասել՝ այս կառավարությունն ինչ անում է, անում է Ադրբեջանի պահանջով, Ադրբեջանի համար, Ադրբեջանի օրակարգն է բերում: Ուղղակի հիշեցի, այս տրամաբանության մեջ բաներ կան, որ հասկանո՞ւմ եք, ես ինքս ինձ վրա զարմացած եմ, թե ես ինքս ինչպես դա չեմ նկատել՝ այս ամեն ինչի մասին այսքան երկար ժամանակ մտածելով ու խոսելով: Նախորդ օրն իմ աչքին ընկավ մեր Բանակի օրվա հետ կապված էմբլեմը ու հետո ես հիշեցի, որ մենք բոլորս չենք ասում Հայաստանի Հանրապետության բանակ, մենք ասում ենք Հայոց բանակ: Ու մենք չենք նկատում դա, հասկանում ենք, որ դա մեզ համար այնքան սովորական բան է՛՛,-նշեց վարչապետը:

  • Կիսվել: