երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հայոց ցեղասպանությունը վաղեմության ժամկետ չունի․ Նախագահը ողջունել է Սենատի կողմից բանաձևի ընդունումը

Հայոց ցեղասպանությունը վաղեմության ժամկետ չունի․ Նախագահը ողջունել է Սենատի կողմից բանաձևի ընդունումը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ողջունել է ԱՄՆ Սենատի` Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի միաձայն ընդունումը և նշել, որ արդարությունը մշտապես կարող է սպասել իր հաղթանակին։ Այս մասին նշված է ՀՀ նախագահի Facebook-ի պաշտոնական էջում։

«Օսմանյան Թուրքիայում 19-րդ դարավերջից սկսած և 1915 թվականին գագաթնակետին հասած Հայոց ցեղասպանությունը որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն վաղեմության ժամկետ չունի, որովհետև արդարությունը կարո՛ղ է անընդհատ սպասել իր հաղթանակի օրվան»,- գրված է հաղորդագրության մեջ։

Դեկտեմբերի 12–ին, ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը։ Այն 4-րդ անգամ ներկայացրել էին սենատորներ Ռոբերտ Մենենդեսն ու Թեդ Քրուզը։

Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը նախկինում արդեն ընդունել էր Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը։

Նշենք, որ Հայոց ցեղասպանության մասին բանաձևը (S.Res.150) սահմանում է հրաժարվել Հայոց ցեղասպանությունը ժխտելուց, ԱՄՆ–ի կառավարության անունից պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը և հարգել Ցեղասպանության զոհերի հիշատակը, իրազեկել Հայոց ցեղասպանության մասին` ապագայում նման հանցագործությունները կանխելու նպատակով։

  • Կիսվել: