հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայաստանը հանվել է «օֆշորային» երկրների հետ առնչվող «Մոխրագույն ցուցակից»

Հայաստանը հանվել է «օֆշորային» երկրների հետ առնչվող «Մոխրագույն ցուցակից»

Եվրամիության Տնտեսական և ֆինանսական հարցերով խորհուրդը որոշել է հանել Հայաստանին Հարկային հարցերով Եվրոպական միության հետ հարկային հարցերով չհամագործակցող երկրների (The EU list of non-cooperative jurisdictions for tax purposes) «Մոխրագույն ցուցակից», InfoPort.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Օրի Ալավերդյանը:

Որոշումը կայացվել է փետրվարի 18-ին ԵՄ ֆինանսների նախարարների հանդիպման ժամանակ:

««Մոխրագույն ցուցակում» հայտնվելը երկրի հեղինակության հետ կապված ռիսկեր էր առաջացնում, Հայաստանը համարվում էր հարկային առումներով Եվրոպական միության հետ չհամագործակցող երկիր: Այդ երկրների ցանկից հանելը հեղինակության առումով լավ ազդակ է լինելու, որովհետև ԵՄ գործընկերները Հայաստանին դիտարկելու են հարկային առումներով համագործակցող երկիր», -ասում է Ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Օրի Ալավերդյանը:

Հիշեցնենք, որ դեռևս 2017 թվականին Հայաստանը «Մոխրագույն ցուցակում» չհայտնվելու և դրանից բխող մի շարք ռիսկերից խուսափելու նպատակով ստանձնել էր երեք պարտավորություն: Օրի Ալավերդյանի փոխանցմամբ, ՀՀ ֆինանսների նախարարության ջանքերով Հայաստանը կատարել է ստանձնած բոլոր պարտավորությունները:

Մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունը վերանայել է ՀՀ հարկային օրենսգիրքը՝ սահմանափակելով արտահանման ծրագրեր իրականացնող տնտեսավարող սուբյեկտների համար շահութահարկով հարկման առումով սահմանված արտոնյալ կարգավորումները, ինչպես նաև 2019 թվականի փետրվարին պաշտոնապես անդամակցել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) BEPS ծրագրի ներառական հարթակին և դրանով իսկ ստանձնել է ՀՀ հարկային օրենսդրության մեջ նշված ծրագրի 4 նվազագույն ստանդարտները տեղայնացնելու պարտավորություն:

«Սա ընթացքի մեջ է, ՏՀԶԿ քարտուղարության մասնագետների հետ այս պահին աշխատում ենք: Դա երկար գործընթաց է, բայց բոլոր դեպքերում ստանդարտները կտեղայնացվեն», -ասում է Օրի Ալավերդյանը:

Բացի այդ, նրա խոսքով, 2018 թվականի հունվարի 24-ին ստորագրվել ու 2019 թվականի դեկտեմբերի 13-ին վավերացվել է «Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին» ՏՀԶԿ և Եվրոպայի Խորհրդի համատեղ կոնվենցիան:

Նշենք, որ ԵՄ-ի կողմից հաստատված «Մոխրագույն ցուցակում» ընդգրկված է 40-ից ավելի երկիր: Կա նաև ԵՄ-ի կողմից հաստատված 17 օֆշորային երկրից բաղկացած «սև ցուցակ», որում այլ երկրների շարքում ընդգրկվել են նաև Բահրեյնը, Հարավային Կորեան, Մակաոն, Մոնղոլիան, Նամիբիան, Պանաման, Թունիսը և ԱՄԷ-ն: Որպես հնարավոր պատժամիջոցներ ցանկում նշված երկրների համար նշվում են ԵՄ դրամաշնորհներ ստանալու և Եվրամիության միջոցներից ֆինանսավորման ծրագրերին մասնակցելու արգելքը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: