չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Հայաստանում և Ղարաբաղում աշխատում են ազատվել մտածող մարդկանցից. Վազգեն Մանուկյան

Հայաստանում և Ղարաբաղում աշխատում են ազատվել մտածող մարդկանցից. Վազգեն Մանուկյան

Ընդհանրապես բանակցությունները նպաստում են, որ պատերազմ չլինի, և 20 տարի հաջողվեց ստատուս քվոն պահպանել. հիմա մենք ունենք այնպիսի մի ժամանակաշրջան, որ Ադրբեջանն այս պայմաններում ոչինչ չի սկսի, սակայն՝ հիշենք, որ վերջանում են բանակցությունները և պատերազմների հավանականությունները մեծանում են: Այս մասին ասաց Հանրային խորհրդի նախագահ, ԱԺՄ կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանն` այսօրվա ասուլիսում անդրադառնալով Արցախի խնդրին:

Նա տեղեկացրեց, որ վարչապետի հետ հանդիպման քննարկել են Ղարաբաղի հարցը. «Ես ասացի, որ այդ հարցերը պատասխանը մեր ժողովուրդը տվել է` պատերազմին մասնակցելով, հանրաքվեներով, ընտրություններով: Հիմա մնում է լուծման հարցը, բայց Հանրային խորհուրդը լուծում տալ չի կարող: Բանակցությունների ժամանակ վարչապետը պետք է գա ինչ-որ եզրակացության, հետո սկսի խորհրդակցել` այդ լուծումն ընդունելի է ժողովրդի համար, թե ոչ»:

Ինչ վերաբերում է ներքաղաքական պրոցեսներին, Վազգեն Մանուկյանն ասաց, որ րոպեն մեկ հեղափոխություններ անելը, իշխանություն փոխելը մեծ օգուտ չի բերում:

«Ես էվոլյուցիոն զարգացման կողմնակից էի: Երբ հեղափոխությունը սկսվեց, ճիշտ է, ես շատ դժգոհություններ ունեի նախորդ իշխանությունից, բայց ես հեղափոխական չէի: Բայց երբ իրականացավ հեղափոխությունը, հույսեր արթնացան, որ կարող է մենք նոր փուլի մեջ մտնենք, հասարակությունը կոնսոլիդացվի, իրար հանդեպ վստահություն առաջանա: Ես հիասթափվեցի, որովհետև այդ ճանապարհով չգնացինք»:

ՀԽ նախագահը նաև շեշտեց. «Հայաստանում և Ղարաբաղում գնում է մի պրոցես, որ աշխատում են ազատվել մտածող մարդկանցից: Այսինքն փորձում են ստեղծել մի հասարակություն, որտեղ բոլորը ենթակա են մեկ մարդու կամ մեկ կառույցի, իշխանության ճյուղերն անջատված չեն: Մենք ոչ թե նախկինի հետ պետք է համեմատենք, այլ այն իդեալի հետ, որն ունենք»:

Մանուկյանն անդրադարձավ նաև ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընունմանը` դժվարանալով գնահատել դա. «Իհարկե, այստեղ մեծ նշանակություն ունեն թուրք-ամերիկյան հարաբերությունների հարցը, բայց քաղաքականությունը հենց այն է, որ դու ճիշտ քաղաքական պահին կարողանաս քո ճիշտ խնդիրը դնել: Այս տեսակետից կրկնակի կարելի է շնորհավորել, որ իրենք կարողացան ճիշտ պահին ճիշտ քայլը անել»:

  • Կիսվել: