երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հայաստանի տնտեսությունը սկսել է աճել ավելի արագ, քան նավթով հարուստ հարևան Ադրբեջանինը․ Reuters

Հայաստանի տնտեսությունը սկսել է աճել ավելի արագ, քան նավթով հարուստ հարևան Ադրբեջանինը․ Reuters

Հայաստանի տնտեսական զարգացման ցուցանիշներին է անդրադարձել բրիտանական Reuters գործակալությունը։   Ծավալուն հոդվածում գործակալությունն ընդգծում է, որ երբ Հայաստանի Հանրապետությունը երկու ամիս առաջ իրականացրեց նոր եվրապարտատոմսերի տեղաբաշխում, պահանջարկը չորս անգամ գերազանցեց առաջարկը։

«Անցյալ տարի տեղի ունեցած բողոքի խաղաղ ակցիաներից հետո, որոնց արդյունքում ձևավորվեց բարեփոխումների միտված կառավարություն, Հայաստանի տնտեսությունը սկսել է աճել ավելի արագ, քան նավթով հարուստ հարևան Ադրբեջանը՝ բարձրացնելով ներդրողների պատրաստակամությունը փոխառություն տրամադրել դեպի ծով ելք չունեցող երեք միլիոնանոց ժողովրդին »,- ասվում է հոդվածում։

Ըստ հոդվածի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության ընդունա ծրագիրը նախատեսում է առաջիկա չորս տարում ներդրումների տեսակարար կշիռը համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) մեջ հասցնել 23-25 տոկոսի՝ ներկայիս շուրջ 20 տոկոսի փոխարեն, և արտահանում/ՀՆԱ հարաբերակցությունը 37 տոկոսից հասցնել 43-45 տոկոսի։

«2018 թվականի հեղափոխությունից հետո հույսեր են առաջացել, որ նոր կառավարությունը վճռականորեն առաջ կշարժվի կառուցվածքային բարեփոխումներով և, մասնավորապես, կոռուպցիայի դեմ պայքարով: Մինչ այժմ կառավարությունը շարժվում է ճիշտ ուղղությամբ՝ ամրապնդելով այդ հույսերը, որի ապացույցն է տարվա սկզբին ընդունված կառավարության ծրագիրը », - «Reuters» գործակալությանը հայտնել է Barclays-ում զարգացող Եվրոպայի մասով տնտեսագետ Լիզա Երմոլենկոն:

Հոդվածում նշվում է նաև,  որ սեպտեմբերին Հայաստանը երրորդ անգամ մուտք գործեց միջազգային կապիտալի շուկա՝ տեղաբաշխելով 500 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով 10 տարի մարման ժամկետով եվրապարտատոմսեր, որի դիմաց պահանջարկը կազմեց ավելի քան 2 միլիարդ ԱՄՆ դոլար: Միաժամանակ Հայաստանը հետ գնեց 2013 թվականին թողարկած իր առաջին եվրապարտատոմսերի մեծ մասը, որոնք ենթակա են  մարման 2020 թվականի սեպտեմբերին:

«Հայաստանի Հանրապետության 2025 թվականին մարվող եվրապարտատոմսերի եկամտաբերությունը կազմում է 3.9 տոկոս, ինչը փոքր-ինչ բարձր է Ադրբեջանի և Ուզբեկստանի 2024 թվականին մարվող  պարտատոմսերի  համապատասխան ցուցանիշներից՝ համապատասխանաբար 3.3 և 3.5 տոկոս: JPMorgan-ի զարգացող շուկաների պարտատոմսերի ինդեքսում Հայաստանի եվրապարտատոմսերի գինը տարեսկզբից աճել է մոտ 14 տոկոսով`  Վրաստանի եվրապարտատոմսերի գնի 9,4 տոկոս աճի համեմատ»,- ասվում  է հոդվածում:

«Հայկական պարտատոմսերն այս տարի գերազանցեցին տարածաշրջանի նմանօրինակ պարտատոմսերից շատերին, ինչը նշանակում է, որ ներդրողները ակնհայտորեն վստահում են շարունակական բարեփոխումներին», - ասել է «ՎՏԲ Կապիտալ»-ի ֆիքսված եկամտի ստրատեգ Իգոր Ռապոխինը:

Հոդվածում նշվում է, որ 2019 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը կազմել է 6,5 տոկոս նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այս շաբաթ Կենտրոնական բանկը ընթացիկ տարվա ՀՆԱ-ի աճի իր կանխատեսումը 4.9 տոկոսից բարձրացրել է մինչև 6,9-7,1 տոկոս՝ պայմանավորված արդյունաբերության և ծառայությունների ոլորտների դրական միտումներով:

Ըստ հոդվածի՝ Հայաստանը Խորհրդային Միության փլուզումից ի վեր մեծապես հենվել է հանքարդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտների վրա, սակայն նախորդ տարվա 5,2 տոկոս աճին նպաստող հիմնական ոլորտները եղել են զբոսաշրջությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները և թեթև արդյունաբերությունը, օրինակ՝ տեքստիլ արդյունաբերությունը:

«Հաջորդ տարի Հայաստանը շահութահարկը 20 տոկոսից կնվազեցնի մինչև 18 տոկոս, կներդնի համահարթ եկամտահարկ 23 տոկոսի չափով և կավելացնի ծխախոտի և ալկոհոլի տուրքերը: Տարեկան 50,000 դոլարից պակաս շրջանառություն ունեցող մասնավոր ձեռնարկությունները կունենան զրոյական հարկեր:»,-ասվում է հոդածում։

«Moody's» համաշխարհային վարկանշավորող գործակալությունը օգոստոսին բարձրացրեց Հայաստանի սուվերեն վարկանիշը B1-ից Ba3՝ նշելով, որ կարևոր է պահպանել բարեփոխումների տեմպը, սակայն ըստ փորձագետների կարծիքի ակնկալվում է, որ 2020 թվականին տնտեսական աճը կդանդաղի, քանի որ Հայաստանին պետք են ավելի շատ կառուցվածքային բարեփոխումներ՝ ավելի մրցունակ դառնալու համար

«Կանխատեսվում է, որ առաջիկա տարիներին տնտեսական աճը կկայունանա ՝ մոտ 4,5-5 տոկոսի սահմաններում, - գործակալությանն ասել է Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Յուլիա Ուստյուգովան և հավելել, որ աճի ներուժի բարձրացումը պահանջում է կառուցվածքային բարեփոխումներ»:

  • Կիսվել: