Հայաստանի և Արցախի դիրքորոշումները երբեւէ 100 տոկոսով չեն համընկել․ Ղազինյան
Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության դիրքորոշումները, պատկերացումները երբեւէ 100 տոկոսով չեն համընկել եւ չեն կարող համընկնել։ Նույնիսկ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ եղել են լրջագույն տարաձայնություններ, հետեւաբար ներկայումս խոսել 100-տոկոսանոց համաձայնության մասին ուղղակի աբսուրդ է։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը։
«Արցախյան համակարտության կարգավորման հարցում կա մեկ կետ՝ 2007 թվականին ընդունված ՀՀ ազգային անվտանգության մեջ ամրագրված կետերն են, որը բոլոր իշխանությունների համար պետք է դառնա ելակետային Արցախյան հակամարտությունը կարգավորելու համար»,-նշեց նա։
Ըստ Ղազինյանի՝ «Մեկ Հայաստան» կուսակցությունը քաղխորհրդի նիստում որոշում է կայացրել մշակել «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ եւ այն դնել շրջանառության մեջ․
«Դա մեր պատասխանն է Ադրբեջանի կողմից Բրատիսլավայում հանդիպումից առաջ հրապարակված հուշագրի, ապա նաեւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հարցազրույցում տեղ գտած մտքերի։ Խոսքը Արցախի Հանրապետությունը ճանաչելու գործընթաց սկսելու մասին է։ Դա կարող է տեւել 10 օր, կարող է տեւել 10 տարի»։
Արթուր Ղազինյանը նշեց, որ ցանկացած քայլ Ադրբեջանի կողմից ուղղված Արցախի տարածքային ամբողջականության եւ անվտանգության դեմ անմիջապես կհանգեցնի սույն օրենքի ընդունման գործընթացի ակտիվացման, ապա դրա վերջնական հանգուցալուծման։