կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
«Հատուկ եմ այդպես նշում». ՔՊ-ական պատգամավորը ԱԺ ամբիոնից հոգևորականին «պարոն Աջապահյանով» դիմեց

«Հատուկ եմ այդպես նշում». ՔՊ-ական պատգամավորը ԱԺ ամբիոնից հոգևորականին «պարոն Աջապահյանով» դիմեց

Վերջին օրերին հաճախ ենք ստանում տեղեկություններ, որ եղանակի տաքացմանը զուգահեռ ընդդիմությունը ինչպես միշտ պատրաստվում է իշխանափոխություն անելու անհաջող փորձերին: Այս մասին, այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը:

«Այս ֆոնին ակտիվացել են նաեւ արտախորհրդարանական որոշ ուժեր,  ինչպես նաեւ քաղաքականացված հոգեւորականներ, որոնց մասին շատ եմ խոսել այս ամբիոնից, որից հետո սպառնալիքների, անեծքների տեղատարափ  է սկսվել իմ անձի, ընտանիքի, նույիսկ երեխաներիս հասցեին: Դա ինձ չի լռեցնելու մի պարզ պատճառով, ճշմարտության մասին խոսելուց ես չեմ վախենում: Հիմա էլ գիտեմ, որ նույնը կրկնվելու է այս ելույթից հետո»,-ասաց նա:

ՔՊ-ական պատգամավորը հիշեցրեց, որ օրեր առաջ Գյումրիում Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնում մի քննարկում էր կազմակերպվել՝ «Ինչպես դուրս գալ այս իրավիճակից» թեմայով:

«Քննարկմանը մասնակցում էր նաեւ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, ով ի զարմանս ինձ, այս անգամ իր խոսույթում համեմատաբար օբյեկտիվ էր արտահայտած որոշ մտքերում, ինչը ծանր են տարել մեր ընդդիմադիր գործընկերները:

Մասնավորապես, «Պատիվ ունեմ»-ից Հայկ Մամիջանյանը բավականին կոշտ է արձագանքելն Աջապահյանի հնչեցրած այն մտքին, որը վերաբերում էր իրենց առաջնորդին: Բայց այդ ընդդիմադիրներից ոչ մեկը չխոսեց այն մասին, որ հոգեւորական Աջապահյանն իր խոսքում արդեն որերորդ անգամ խոսում է իշխանափոխության հասնելու երեք տարբերակների մասին, որոնցից մեկն իր պատկերացմամբ ժողովրդական ապստամբությունն է:

Նա իր խոսքում բացառում է, որ մեր երկրում իշխանությունը կարող է փոխվել ընտրությունների միջոցով, մինչդեռ ՀՀ-ում 2018-ից ի վեր իշխանության գալու եւ գնալու միակ ճանապարհը ժողովրդավարական ընտրություններն են:

Սա հաշվի չառնելով Միքայել Աջապահյանը շարունակում է բռնության կոչ անել: Ասել ավելին, այդ նույն քննարկման ժամանակ վերջինս հպարտորեն նշում է, որ ժամանակին Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին հեղաշրջում անելու առաջարկ է ներկայացրել: Ի՞նչ է սա նշանակում, հուսով եմ՝ հասկանում եք:

Այսպիսով, իմ հույսերը, որ օրերից մի օր որոշ հոգեւորականներ մի կողմ են դնելու իրենց քաղաքական նկրտումները եւ ժողովրդին բացառապես միավորման, համախմբման կոչեր են անելու հանուն Հայաստանի փրկության, այդպես էլ իրականություն չի դառնում:

Ավելին, յույն Աջապահյանը հայ ժողովրդին «հիվանդ» անվանեց միայն նրա համար, որ հայ ժողովուրդն ազատ կամարտահայտման միջոցով որոշել է, թե որ քաղաքական ուժն է ղեկավարելու մեր երկիրը առաջիկա մի քանի տարիներին: Եվ նաեւ նրա համար, որ հայ ժողովուրդն այսօր ամուր կանգնած է ընտրված իշխանության կողքին եւ չի  պատրաստվում իր երազած զինված հեղաշրջումն իրականացնել:

Ելույթիս վերջում ուզում եմ հորդորել պարոն Աջապահյանին, այո, հատուկ եմ նշում պարոն Աջապահյանին, որ հայ ժողովրդի կողմից ընտրված վարչապետի մասին խոսելիս այսուհետ վիրավորական եւ հոգեւորականին ոչ վայել արտահայտություններ չանի: Դա մեծագույն մեղք է հենց իր համար»,- հայտարարեց Պալյանը:

  • Կիսվել: