հինգշաբթի, հունիս 6
6 / 6 / 2024
Համագործակցության զարգացման գործում կարևոր դեր կունենա ԱՄԷ մուտքի արտոնագրի չեղարկման արձանագրությունը․ ՀՀ ԱԺ փոխնախագահն՝ ԱՄԷ դեսպանին

Համագործակցության զարգացման գործում կարևոր դեր կունենա ԱՄԷ մուտքի արտոնագրի չեղարկման արձանագրությունը․ ՀՀ ԱԺ փոխնախագահն՝ ԱՄԷ դեսպանին

 Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը դեկտեմբերի 27-ին հանդիպել է ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ եւ լիազոր դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլային:

 ԱԺ-ից հայտնում են, որ ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ Հակոբ Արշակյանը նշել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա պատմության ընթացքում երկու երկրների միջեւ ձեւավորվել է ամուր եւ դինամիկ զարգացող համագործակցություն՝ հիմնված երկու բարեկամ ժողովուրդների ջերմ կապերի վրա:

Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ մի շարք ոլորտներում երկու երկրներն ունեն չիրացված մեծ ներուժ եւ առաջիկա համատեղ անելիքները պետք է միտված լինեն համագործակցության ակտիվացմանը:

Երկուստեք կարեւորվել է նաեւ խորհրդարանական դիվանագիտության դերը: Այս համատեքստում Հակոբ Արշակյանը շեշտել է պատգամավորական բարեկամական խմբերի դերակատարումը՝ որպես փոխըմբռնման ու փոխվստահության յուրօրինակ կամուրջ, երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ ավելի սերտ երկխոսության կայացման համար: Նա համոզմունք է հայտնել, որ երկու երկրների խորհրդարանների միջեւ կապերի նոր էջ կբացվի՝ հիմնված գործընկերության եւ մեծ հեռանկարների վրա:

Երկկողմ քաղաքական երկխոսության խորացման ու համագործակցության կայուն առաջընթացի ապահովման համար Հակոբ Արշակյանը կարեւորել է նաեւ փոխայցերը, որոնք խթանում են հարաբերությունների շարունակական ամրապնդմանը եւ նպաստավոր հիմք ստեղծում փոխշահավետ տնտեսական ու ներդրումային համագործակցության համար:

Որպես համագործակցության հեռանկարային ուղղություններ՝ ԱԺ փոխնախագահն առանձնացրել է զբոսաշրջության, ենթակառուցվածքների, վերականգնվող էներգիայի, շինարարության, գյուղատնտեսության, սննդի արդյունաբերության ոլորտները, ինչպես նաեւ բարձր տեխնոլոգիաների, թվայնացման, կիբեռանվտանգության, նորարարության բնագավառները:

Հակոբ Արշակյանի կարծիքով երկու երկրների միջեւ շաբաթական շուրջ 30-ի հասնող ուղիղ չվերթներն էականորեն նպաստում են երկկողմ գործարար կապերի, զբոսաշրջության, մշակութային եւ ապակենտրոնացված համագործակցության բնագավառների ակտիվացմանը:

Այս համատեքստում ԱԺ փոխնախագահը նշել է, որ երկկողմ համագործակցության զարգացման գործում իր կարեւոր դերակատարումը կունենա նաեւ Հայաստանի քաղաքացիների համար ԱՄԷ մուտքի արտոնագրի չեղարկման արձանագրությունը, որի վավերացման մասին օրինագիծն ընդունվել է  դեկտեմբերի  22-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում եւ արդեն ստորագրել է ՀՀ նախագահը:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ բարեկամական խմբի անդամներ Մարիամ Պողոսյանը եւ Ծովինար Վարդանյանը: 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: