չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հակոբ Կարապետյանը Դավիթ Խաժակյանին հորդորել է կողմնորոշվել ցանկությունների հարցում

Հակոբ Կարապետյանը Դավիթ Խաժակյանին հորդորել է կողմնորոշվել ցանկությունների հարցում

Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսվուքյան էջում ներկայացրել է իր «Շաբաթօրյա խոհերը», որտեղ անդրադարձել է Երեւանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանի՝ վերջին երկու օրերին վերականգնված հանրային ակտիվությանը:

Կարապետյանը, մասնավորապես, նշել է.  «Երեւանի ավագանու հարգարժան անդամ Դավիթ Խաժակյանը վերջին երկու օրերին վերականգնել է իր հանրային ակտիվությունը՝ խախտելով վերջին երկու ամիսների հարաբերական լռությունը:

Առիթը քաղաքապետարանում որոշ կադրային փոփոխություններն են, որոնք հարգարժան պ. Խաժակյանը ներկայացնում է որպես «անառողջ մթնոլորտի» ու «ճամպրուկային տրամադրությունների» վկայություն:

Հիշեցնեմ՝ անցած շաբաթվա ընթացքում քաղաքապետը նշանակվել է երկու վարչական շրջանի նոր ղեկավար եւ հեռացել է սոցապ վարչության երկարամյա ղեկավարը: Դրանից առաջ էլի մեկ-երկու պաշտոնյա է հեռացել: Նշանակումներ ու ազատումներ, որոնք պլանավորվել են ամիսներ շարունակ, ու ընդհանրապես, կադրային վերադասավորումները, նորերի ներգրավումը շարունակական պրոցես է ցանկացած համակարգում:

Խաժակյանը, նաեւ տուրք տալով արդեն ձեւավորված գործելաոճին՝ դեղնավուն մամուլի «պասերով» խոսում է ինչ-ինչ խորհրդավոր չարաշահումների մասին, որոնք իբր իրենց վրա են հրավիրել իրավապահների ուշադրությունը:

Անցած շուրջ մեկուկես տարին ցույց է տվել, որ քաղաքապետարանի ներսում վերահսկողական գործընթացը անընդհատ է, իսկ իրավապահների հետ առնչությունները երկուստեք են, այսինքն, ե՛ւ քաղաքապետարանն է ընթացքում հայտնաբերված կասկածելի փաստերը ուղարկում իրավապահներին, եւ՛ հակառակը՝ իրավապահներն են ենթադրյալ խախտումնեի վերաբերյալ տեղեկություններով ուսումնասիրություններ անցկացնում:

Սա հենց առողջ համակարգի կամ համակարգի առողջացման մասին վկայող նորմալ գործընթաց է: Ի դեպ, Ավագանու հարգարժան անդամը էստեղ նաեւ հակասական ռեակցիա է ցուցաբերում նույն երեւույթի նկատմամբ՝ միեւնույն հարցազրույցում խոսելով քաղաքապետարանում չարաշահումների նկատմամբ անբավարար վերահսկողության մասին, իսկ մի քանի պարբերություն ներքեւ դժգոհելով չարաշահումների դեմ պայքարի ինտենսիվությունից:

«Առհասարակ քաղաքապետարանում չարաշահումների վերհանումն անհրաժեշտի չափն անցել է և վերածվել է մոլուցքի», - բառացիորեն ասում է Դ. Խաժակյանը: Առհասարակ, կարծում եմ, պետք է կողմնորոշվել ցանկությունների հարցում: Ու մեկ էլ իհարկե, վերջապես ներկայացնել ապացույցներ՝ «փո՛ղ, փո՛ղ են տվել, Կամազ չեն տվել»-ի մասին իր ու իր քաղաքական լիդեր Է. Մարուքյանի արած հայտարարությունների իսկության վերաբերյալ: Այլապես, ամեն հաջորդ օրը ավելի է ամրապնդում համոզմունքը, որ «փո՛ղ, փո՛ղ»-ը օրվա մեդիակարիքից դրդված դատարկ հայտարարություն էր՝ թեմայի շուրջ մեդիաաղմուկը ավելի աղմկոտ դարձնելու նպատակով:

Եվ մեկ էլ, արժե, անցած տարվա «աղբային» ձախողումից ու Կամազգեյթի անփառունակ կամպանիայից, մասնավորապես, քննչական ամուլ օպերացիաներից հետո նոր՝ քաղաքի համար օգտակար նախաձեռնությունների մասին մտածել: Եվ մեկ էլ, արժե ամեն դեպքում, ներողություն խնդրելու համար հարմար օր ընտրել:

  • Կիսվել: