հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Գուցե շեյխերի հետ ջերմ կապերի մեջ գտնվող պատգամավորների համար տարբերությունը նկատելի չէ․ Կարապետյանը՝ Նաիրա Զոհրաբյանի՝ կենդանիների պաշտպանության օրինագծի մասին

Գուցե շեյխերի հետ ջերմ կապերի մեջ գտնվող պատգամավորների համար տարբերությունը նկատելի չէ․ Կարապետյանը՝ Նաիրա Զոհրաբյանի՝ կենդանիների պաշտպանության օրինագծի մասին

Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանն անդրադարձել է ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի այն գրառմանը, որով վերջինս հավաստում է, որ իր հեղինակած կենդանիների պաշտպանության մասին օրինագիծը չի արգելում լուծել թափառող շների հարցը։

Կարապետյանը, մասնավորապես, նշել է․

«Հասկանալի է Naira Zohrabyan-ի նյարդային արձագանքը թափառող շների խնդրին. հեշտ է շունիկներին խոշտանգումից պաշտպանող հաճելի օրինագիծ ներկայացնել, բայց դժվար է կրել դրա քաղաքական պատասխանատվությունը, մանավանդ երբ հաճելի օրենքի կողմնակի հետեւանքները՝ հանրային արձագանքի տեսքով, այնքան էլ հաճելի չեն: Ամեն դեպքում, կարծում եմ , որ անչափ հարգելի տիկին Զոհրաբյանին վայել է հանրային խոսքում խուսափել իրականության հետ կոնֆլիկտի մեջ մտնող փաստերի գործածումից:

Մասնավորապես. Ֆեյսբուքի իր էջում տիկին Զոհրաբյանը տարակուսում է, որ «իրենց ավագանիները» գնացել են Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն եւ ոչ մի կենդանի չեն տեսել: Իհարկե, չեն տեսել, եւ շատ լավ է, որովհետեւ ՀՈԱԿ-ը կենդանիների կացարան չէ, այլ վայր, որտեղ կենդանիներին ստերջացնում են, պատվաստում եւ անմիջապես բաց են թողնում: Եթե ՀՈԱԿ-ի այցելուները կեսօրից հետո տարածքում շատ շներ տեսնեն, դա նորմալ չի լինի, դա կնշանակի, որ հավաքված շները պատշաճ գործողությունների չեն ենթարկվում: Այս միտքը տիկին Զոհրաբյանը եւ նրա կուսակիցները կրկնում են նաեւ համապատասխան հեռուստաընկերության համապատասխան հաղորդման եթերում, նշելով նաեւ, թե ՀՈԱԿ-ի տնօրենը 850 հազար դրամ է ստանում: Իրականում, բաց աղբյուրներից կարող ենք տեղեկանալ, որ «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենը ստանում է հարկերը հանած՝ 350 000 դրամ աշխատավարձ՝ ուղիղ 500 հազարով պակաս հարգարժան պատգամավորի նշածից:

Գուցե շեյխերի ու մյուսների հետ ջերմ կապերի մեջ գտնվող պատգամավորների համար 500 հազարի տարբերությունը նկատելի չէ, բայց դա միջին վիճակագրական հայաստանցու համար ահռելի տարբերություն է, որը չի կարելի չնկատել: Թափառող կենդանիների խնդիրը բարդ խնդիր է, եւ իսկապես, շների խոշտանգումները քրեականացնող օրենսդրական փոփոխությունը փոքր-ինչ ավելի է բարդացրել այն: Բայց դա երբեք չի կարող առիթ դառնալ՝ հրաժարվելու սկզբունքից, որ քաղաքում մարդկանց եւ կենդանիների համակեցությունը պետք է կարգավորել առանց դաժանության: Անցած տարվա ընթացքում ՀՈԱԿ-ը կիսադաշտային պայմաններում՝ ժամանակավոր կլինիկայում, մեծ գործ է արել՝ ստերջացնելով շուրջ 3000 կենդանի, այս տարվա նշաձողն ավելի բարձր է, բացի դրանից, մի քանի շաբաթ անց Կենտրոնի հիմնական կլինիկան պատրաստ կլինի, ինչը ավելի կբարձրացնի աշխատանքի արդյունավետությունը»:

  • Կիսվել: