երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Գլուխ ենք խոնարհում Արցախի ողջ ժողովրդի առջև․ Արմեն Սարգսյանն այցելել է Հարավ գյուղ

Գլուխ ենք խոնարհում Արցախի ողջ ժողովրդի առջև․ Արմեն Սարգսյանն այցելել է Հարավ գյուղ

Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է Ասկերանի շրջանի Հարավ գյուղ: Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ղեկավարները նախ հարգանքի տուրք են մատուցել և ծաղիկներ խոնարհել Հայրենական մեծ պատերազմի և արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին։

 
Նախագահ Սարգսյանը զրուցել է բնակիչների հետ, շրջայց կատարել համայնքում։ Այստեղ վերջերս «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ ավարտվել են լուսավորության աշխատանքները, և ներկայումս համայնքն ապահովված է լուսավորության համակարգով։ Համայնքի ղեկավար Անդրանիկ Ղազարյանը նախագահին տեղեկություններ է ներկայացրել կատարված աշխատանքների մասին։
 
Նախագահ Սարգսյանը եղել է նաև գյուղի Սուրբ Մեսրոպ եկեղեցում, ծանոթացել դեռ 18-րդ դարում կառուցված եկեղեցու ներկա վիճակին։
 
Շրջայցից հետո նախագահը հյուրընկալվել է Քարամյանների ընտանիքում։ 
 
«Ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ։ Արցախի ամեն գյուղ իր պատմությունն, իր հերոսներն ունի։ Այստեղ ամեն գյուղ մտնելուց առաջ պետք է գլուխ խոնարհես․ խոնարհես նախ զոհված հերոսների, ապա՝ նրանց առջև, որոնք իրենց ընտանիքներն են պահում, թոռներ ու ծոռներ ունեն ու այս երկիրն են շենացնում: Նախագահ Բակո Սահակյանի հետ մեր հարգանքի տուրքը մատուցեցինք հերոսների հիշատակին, հիմա էլ այստեղ, ի դեմս ձեզ, բոլոր հարավցիների առջև ենք գլուխ խոնարհում։ Գլուխ ենք խոնարհում Արցախի ողջ ժողովրդի առջև, քանի որ ինչ-որ իմաստով մեր ժողովրդի առաջապահն եք։ Եթե դուք հանգիստ եք, վստահ եք, ձեր գյուղը, քաղաքն այստեղ զարգացնում եք, մենք էլ վստահ ենք, որ Ղարաբաղը լինելու է այն, ինչ եղել է դարերով ու շարունակելու է այդպես էլ մնալ»,- ասել է նախագահը:

  • Կիսվել: