Գլխավոր դատախազությունում քննարկվել են էլեկտրոնային արդարադատության ներդրման խնդիրները
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանն ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի (ՄԱԶԾ) փորձագետների խմբին: Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
Ներկայացվել է նշված հարցերի կապակցությամբ Էլեկտրոնային արդարադատության միասնական համակարգի մշակումն ու ներդրումն ապահովող միջգերատեսչական հանձնաժողովի մոտեցումները, էլեկտրոնային արդարադատության տեսլականը, այդ ուղղությամբ արդեն իսկ իրականացված օրենսդրական և ինստիտուցիոնալ նախաձեռնությունները:
Արմեն Հարությունյանը նշել է, որ քրեական վարույթների իրականացվման էլեկտոնային համակարգի ներդրումը նախատեսված է իրագործել ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի՝ արդեն նախանշված ընդունման գործընթացին զուգահեռ: Իսկ ներկայումս այդ նպատակով ուսումնասիրվում է տարբեր երկրների փորձը, միջոցներ են ձեռնարկվում առավել ընդգրկուն տեխնիկական առաջադրանքի մշակման ուղղությամբ:
Փորձագիտական խմբի անդամները կարևոր են համարել այդ գործընթացում հատկապես դատախազության ակտիվ նախաձեռնողական մասնակցությունը:
Էլեկտրոնային արդարադատության համակարգի արդյունավետության ապահովման տեսանկյունից նրանք ընդգծել են այնպիսի լուծումների ապահովումը, որոնք ներդաշնակություն և փոխշաղկապվածություն կապահովեն էլեկտրոնային հարթակում մինչդատական և դատական վարույթների միջև, ինչպես նաև կնպաստեն քրեական վարույթների օրինականության նկատմամբ հսկողության դյուրացմանն ու արդյունավետության բարձրացմանը:
Հանդիպման ընթացքում արծածվել են նաև գործընթացին մեթոդական և փորձագիտական աջակցության եղանակներին առնչվող այլ հարցեր: