չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
Ղարաբաղի հայաթափումը նաեւ հայկական կողմի քաղաքական գործիչների մաքսիմալիզմի, սխալ գործողությունների գինն է. Թոմ դե Վաալ

Ղարաբաղի հայաթափումը նաեւ հայկական կողմի քաղաքական գործիչների մաքսիմալիզմի, սխալ գործողությունների գինն է. Թոմ դե Վաալ

Ես բազմիցս եղել եմ Ղարաբաղում ես ընկերներ ունեմ, ովքեր այնտեղ կորցրել են իրենց տները։ Բայց կարծում եմ, որ դա ողբերգություն է, որը երկար տարիների արմատներ ունի: Այս մասին «Ազատությանը» տված հարցազրույցում նշել է ղարաբաղյան հակամարտության մասնագետ, Քարնեգի հիմնադրամի ավագ փորձագետ Թոմ դը Վաալը:

«Իմ հույսը միշտ եղել է այն, որ ադրբեջանցիների խաղաղ վերադարձ կլինի իրենց շրջաններ, քանի որ ադրբեջանական կողմում ակնհայտորեն երկար տարիներ ուրվական քաղաքներ են եղել։ Ես տեսա նաև Աղդամը, որտեղից նույնպես բնակչությանը վտարեցին։ Այսպիսով, իմ հույսն այն էր, որ մարդիկ կա՛մ կվերադառնան իրենց տները, կա՛մ կմնան իրենց տներում: Եվ ես ողբերգական եմ համարում, որ Ղարաբաղն իր դարավոր հայկական ներկայությամբ և պատմությամբ այժմ հայաթափված է: Դա ինձ շատ է տխրեցնում։

Բայց ես նաև կարծում եմ, որ սա, ցավոք սրտի, ոչ միայն ադրբեջանական, այլ հայկական կողմի քաղաքական գործիչների երկար տարիների ընթացքում բազմաթիվ սխալ գործողությունների գինն է, գինն է այն մաքսիմալիզմի, որը մենք տեսել ենք: Ցավոք, հաղթեց մաքսիմալիզմը, իսկ խաղաղ փոխզիջումը չկարողացավ հաղթել»,-ասել է նա:

Հարցին, թե մի փոքր կմանրամասնե՞ք այդ մաքսիմալիզմի պահը, Վաալը պատասխանել է. «Կոնկրետացնեմ։ Այդ պահը 2019-ին էր։ Մենք տեսանք ռազմական համազգեստով Իլհամ Ալիևին՝ Ստեփանակերտի հրապարակում տոնակատարության այդ սարսափելի տեսարանները, բայց նույն հրապարակում 2019-ին, եթե հիշողությունս չի դավաճանում, Փաշինյանը նույնպես ելույթ ունեցավ՝ ասելով, որ «Արցախը Հայաստան է և վերջ»։ Կարծում եմ՝ դա այն պահն էր, երբ Ադրբեջանը նույնպես հրաժարվեց դիվանագիտությունից ու փոխզիջումներից ու սկսեց շարժվել դեպի պատերազմ։

Հայ քաղաքական գործիչների գործն էր ադրբեջանցիներին հույս տալ, որ նրանք կվերադարձնեն իրենց տարածքները: Եվ այդ հույսը, կարծում եմ, ավարտվեց «Արցախը Հայաստան է» խոսակցությունով։ Այնպես որ, Փաշինյանի, հայ քաղաքական գործիչների կողմից այս տարիների ընթացքում հաստատ սխալներ են թույլ տրվել, որոնք հանգեցրել են պատերազմի։ Իսկ պատերազմը հայերի համար ողբերգական ավարտ է ունեցել։ Ես միշտ ասում եմ, որ իմ նման մարդկանց համար, ովքեր ցանկանում էին տեսնել խաղաղության պայմանագիր, դա իսկապես շատ տխուր տեսարան է»:

  • Կիսվել: