Ֆրանսիացի լրագրողները շարունակում են Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին հուզող հարցերը ներկայացնել միջազգային հարթակներում
Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում Երևանը հյուրընկալել է ֆրանսիացի գրող, ճանապարհորդ, լեռնագնաց Սիլվեն Տեսոնին և լրագրող, «Ֆիգարո» ամսագրի տնօրենի տեղակալ Ժան-Քրիստոֆ Բյուիսոնին, գրում է armenpress.am-ը:
Նրանք հետաքրքրված են Հայաստանի խնդիրներով, հոգսերով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների պաշտպանությամբ և պարբերաբար մեր երկրի անվտանգային հարցերի մասին բարձրաձայնում են իրենց հոդվածներով, ելույթներով:
Սիլվեն Տեսոնն առաջին անգամ 1994 թվականին է այցելել Հայաստան հեծանիվով ճամփորդության ընթացքում: Սիրել է մեր երկիրն ու նրա նկատմամբ հետաքրքրությունը պահպանում է մինչ օրս:
Երկրորդ այցը տեղի է ունեցել Ժան-Քրիստոֆ Բյուիսոնի ուղեկցությամբ 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին:
«Վերադառնալով Փարիզ՝ Հայաստանի աջակիցների մի խումբ ստեղծեցինք՝ արտիստներ, լրագրողներ, գրողներ, երաժիշտներ, մեզ միացան նաև Աստղիկ Սիրանոսյանն ու Անտուան Ագուջյանը: Մեր առաջին խնդիրն էր իրազեկել հասարակությանն ու կառավարությանը Հայաստանի խնդիրների մասին: Դա արել ենք, որ Եվրոպան չլքի Հայաստանը, որ քաղաքական գործիչները շարունակեն պայքարը Թուրքիայի և Ադրբեջանի դեմ, որոնք ագրեսիայի են ենթարկել Հայաստանը, և անուններ հնչեցնեն: Այդ ճնշումը կշարունակվի, որպեսզի ագրեսորներն առաջ չգան, որպեսզի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները մնան և ապրեն Հայաստանում»,-ասում է Սիլվեն Տեսոնը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: