շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Եթե պատգամավորներն ունենան հարցեր Ոստիկանության հետ կապված՝ պատասխանելու է կա´մ վարչապետը, կա´մ արդարադատության նախարարը․ Իոաննիսյան

Եթե պատգամավորներն ունենան հարցեր Ոստիկանության հետ կապված՝ պատասխանելու է կա´մ վարչապետը, կա´մ արդարադատության նախարարը․ Իոաննիսյան

Հիմա եթե պատգամավորներն ունենում են հարցեր՝ Ոստիկանության գործունեության հետ կապված, այդ հարցերին պատասխանում է կա´մ վարչապետը, կա´մ արդարադատության նախարարը, բայց երկուսն էլ բավականին սահմանափակ են տեղեկացված Ոստիկանության բոլոր գործողություններին: Այս մասին այսօր «Ոստիկանության բարեփոխումների 2020-2022 թթ. ռազմավարության թույլ և ուժեղ կողմերը» թեմայով քննարկմանը լրագրողների հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը:

«Ոչ թե Ոստիկանությունը դառնում է Ներքին գործերի նախարարություն, այլ ստեղծվում է Ներքին գործերի նախարարություն, որի կազմում կլինի Ոստիկանությունը։ Առհասարակ բոլոր ժողովրդավարական երկրներում ոստիկանությունը քաղաքացիական վերահսկողության ներքո է, և կարևոր է, որ Հայաստանում ևս այդ փոփոխությունն արվում է:

Սա զինված ուժերի մոդելին է նման: Այս մոդելում կլինի ոստիկանապետ, կլինի Ոստիկանության հրամանատարը, Ոստիկանությունը կմնա ուղղահայաց համակարգ և կլինի նաև ներքին գործերի նախարար: Ոստիկանապետը նշանակվելու է վարչապետի կողմից, ոչ թե նախարարի, բայց գոնե այս պահին նախատեսվող մոդելով նախարարի առաջարկությամբ: Սա այն է, ինչ քաղաքացիական հասարակությունը պահանջում էր վաղուց»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ այս մոդելը հնարավորություն կտա, որ Ոստիկանությունը լինի խորհրդարանի հսկողության ներքո, որ Ոստիկանությունում չհամատեղվեն քաղաքականության մշակման և իրականացման քաղաքացիական ֆունկցիաները ավելի զինվորական ֆունկցիաների հետ:

«Սա հնարավորություն կտա, որ խորհրդարանն ավելի շատ կարողանա վերահսկել Ոստիկանության գործունեությունը: Հիմա եթե պատգամավորներն ունենում են հարցեր՝ Ոստիկանության գործունեության հետ կապված, այդ հարցերին պատասխանում է կա´մ վարչապետը, կա´մ արդարադատության նախարարը, բայց երկուսն էլ բավականին սահմանափակ են տեղեկացված Ոստիկանության բոլոր գործողություններին: Այս առումով կլինի ներքին գործերի նախարար, որը կպատասխանի պատգամավորների հարցերին, և բոլոր առումներով համակարգը կդառնա ավելի ժողովրդավարական»,- ասաց նա

  • Կիսվել: