շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Եթե երեք սկզբունքներն արձանագրվեն տեքստում, մնացածը իրավական տեխնիկայի հարց է. Խանդանյան

Եթե երեք սկզբունքներն արձանագրվեն տեքստում, մնացածը իրավական տեխնիկայի հարց է. Խանդանյան

Չնայած բանավոր պայմանավորվածություններին՝ Երևանն ու Բաքուն խաղաղության պայմանագրում երեք հիմնական սկզբունքների ամրագրման շուրջ դեռ համաձայնության չեն հասել: Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների երկօրյա բանակցություններից մոտ մեկ շաբաթ անց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն ընդգծում է՝ եթե այդպիսի համաձայնություն լիներ, Երևանի գնահատականները լավատեսական կլինեին, գրում է Ազատությունը:

«Եթե այդ երեք սկզբունքները այն տեսքով, որ տեսքով մենք պատկերացնում ենք և բանավոր պայմանավորվածություն է եղել, արձանագրվի տեքստում, մնացածը արդեն, այսպես ասած, իրավական տեխնիկայի հարց է՝ այնտեղ իրավական ձևակերպումների և մի քանի այլ դրույթների, որոնց մի մասը արդեն իսկ համաձայնեցված է, վերջնական տեսքի բերելու հարց է», - ասաց Սարգիս Խանդանյանը:

Այդ սկզբունքներն են՝ միմյանց տարածքային ամբողջականության ճանաչում՝ Ալմաթիի հռչակագրի հիման վրա, այդ հռչակագիրը պետք է լինի սահմանագծման գործընթացի հիմք, կոմունիկացիաները պետք է բացվեն երկրների սուվերենության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների հարգմամբ:

Մինչ արտգործնախարարների բանակցությունները, Ադրբեջանի նախագահը տարբեր պահանջներ էր ներկայացրել՝ ընդհուպ Հայաստանի Սահմանադրության փոփոխություն, Սյունիքով դեպի Նախիջևան անխոչընդոտ անցում, ութ գյուղերի վերադարձ, հրաժարվել էր սահմանազատման համար հիմք ընդունել որևէ թվականի քարտեզ և հստակ մակերեսով չի հայտարարել Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին: Երկօրյա բանակցություններում, այդուհանդերձ, որոշակի առաջընթաց գրանցվել է, ասում է Սարգիս Խանդանյանը, բայց փակագծեր չի բացում։

«Որոշակի հարցերի շուրջ հնարավոր է եղել որոշ առաջընթաց գրանցել, բայց, այնուամենայնիվ, եթե առաջընթացն այնպիսին լիներ, որ հնարավոր կլիներ խոսել հնարավոր ստորագրման մասին, ժամկետների մասին, ապա դրա մասին մեկնաբանություններ կլինեին, բայց այս պահին ես ենթադրում եմ և գտնում եմ, որ լրացուցիչ աշխատանքի կարիք կա և նոր հանդիպումների անհրաժեշտություն կա», - նշեց ԱԺ հանձնաժողովի նախագահը:

Տևական դադարից հետո անցած շաբաթ Գերմանիայում դեմ առ դեմ բանակցեցին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները, ինչից հետո կողմերը որևէ հայտարարություն չարեցին առաջընթացի մասին, պաշտոնական Երևանը հայտնեց, թե պայմանավորվել են շարունակել բաց հարցերի շուրջ քննարկումը։ Երկու երկրների ղեկավարների կամ արտգործնախարարների նոր հանդիպման մասին այժմ տեղեկություններ չկան:

  • Կիսվել: