կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
Ես Նիկոլ Փաշինյանին էլ կհանդիպեմ, եթե ինքն ուզի. Վազգեն Մանուկյան

Ես Նիկոլ Փաշինյանին էլ կհանդիպեմ, եթե ինքն ուզի. Վազգեն Մանուկյան

«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի հիմնադիր Վազգեն Մանուկյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ նախատեսում է վերականգնել ԱԺՄ կուսակցությունը, իսկ գարնանն արդեն վերակառուցված կազմով համագումար կանեն։

«Դա կնշանակի, որ մտել եմ քաղաքական դաշտ»,- հայտարարեց նա։

Հարցին, թե արդյոք աջակցություն ունի՞ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի կողմից՝ հատկապես, որ նա  կոչ էր անում մարդկանց մասնակցել «Վերնատուն» ակումբի համաժողովին, Վազգեն Մանուկյանը պատասխանեց. «Ես իրեն քանի տարի է ո՛չ հանդիպել եմ, ո՛չ հեռախոսով խոսել եմ։ Հետևում եմ իր ասածներին ֆեյսբուքում կամ մամուլում, ոչ ավելին»։

Անդրադառնալով ակումբի ֆինանսավորմանը՝ նա նշեց, որ շատ մասնակիցներ կան, որոնք իրենց սեփական միջոցներով օգնում են։

Դիտարկմանը, թե ինչպես է վերաբերվում այն պնդումներին, որ  նախկին իշխանությունից ֆինանսավորում է ստանում  և կապեր ունի նրանց հետ, Վազգեն Մանուկյանը պատասխանեց. «Ես հանդիպումներ ունեցել եմ միշտ ու հանդիպում ունենալու եմ միշտ, բոլորի հետ: Մենք միասին պատերազմ ենք անցել: Երբ Ռոբերտ Քոչարյանը կարճ ժամանակով դուրս եկավ, մենք էլի հանդիպեցինք: Հանդիպում եմ բոլորին: Ես Նիկոլ Փաշինյանին էլ կհանդիպեմ, եթե ինքն ուզի: Մեջներիցդ հանեք, որ կա ինչ-որ չար դաշտ ու վախենաք այդ դաշտին մոտենալ: Բոլոր մարդկանց մեջ կա սպիտակ և սև»։

Նրա խոսքով՝ բոլոր մարդիկ արել են հերոսություններ և բազմաթիվ սխալներ։ «Նախկին իշխանությունների օրոք, սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից, եղել են շեղումներ և ժողովրդի մոտ անվստահություն է առաջացել։ Բայց դա չի նշանակում, որ այդ մարդիկ հանցագործ են, և այդ մարդկանց հետ դու չպետք է նստես, հարցեր քննարկելու։ Այնուամենայնիվ, հաջողվեց Հայաստանում ստեղծել սև ու սպիտակ»։

 

  • Կիսվել: