կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ես Իլհամ Ալիևին ընդհանրապես չեմ մեկնաբանում, ձեզ էլ խորհուրդ չեմ տալիս․ Վարդանյան

Ես Իլհամ Ալիևին ընդհանրապես չեմ մեկնաբանում, ձեզ էլ խորհուրդ չեմ տալիս․ Վարդանյան

Ես Իլհամ Ալիևին ընդհանրապես չեմ մեկնաբանում, ձեզ էլ խորհուրդ չեմ տալիս։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով Սահմանադրությունը փոխելու վերաբերյալ Ալիևի հայտարարություններին։

«Իմ կարծիքով մենք պետք է առաջնորդվենք սեփական շահերով ու մեր հանրապետութան առջև ծառացած մարտահրավերներով։ Նախորդ ճեպազրույցի ժամանակ էլ ասացի, որ սահմանադրական բարեփոխումներ պետք է իրականացվեն և իրականացվելու են բացառապես ՀՀ ժողովրդի կամքով։ Մենք պետք է առաջնորդվենք այն սկզբունքով, որ տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը ՄԱԿ-ի ստեղծումից հետո դիտարկվելու են և շարունակվելու են դիտարկվել որպես կարևորագույն անկյունաքար միջազգային հարաբերություններում, ու մենք պետք է շարժվենք այդ ճանապարհով»,- ասաց նա։

Վարդանյանը նշեց, որ նոր սահմանադրությունը նշանակում է նոր ընթացակարգ։

 

«Այդուհանդերձ չպետք է մոռանանք, որ գոյություն ունեն սահմանադրաիրավական սկզբունքներ, որոնք, անախ նրանից, թե ինչ սահմանադրություն կլինի, պահպանվում են։ Դրանք դիտարկվում են որպես ցողունային սահմանադրական բջիջներ»,- ասաց նա։

Պատասխանելով այն հարցին, թե նախատեսվում է արդյոք կառավարական մոդելի փոփոխություն ևս իրականացնել, պատգամավորն ասաց․ «Մենք այդ հարցը քննարկել ենք սահմանադրական բարոփոխումների խորհրդում և որոշում ենք կայացրել, որ կառավարման մոդելի փոփոխություն չի նախատեսվի»։

  • Կիսվել: