շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Երկրորդ միջադեպը. Միլանում Փաշինյանի ելույթի ժամանակ հայ համայնքի ներկայացուցիչը պահանջեց նրա հրաժարականը

Երկրորդ միջադեպը. Միլանում Փաշինյանի ելույթի ժամանակ հայ համայնքի ներկայացուցիչը պահանջեց նրա հրաժարականը

Ինչպես Primenews.am-ն արդեն տեղեկացրել է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով գտնվում է Իտալիայում: Այսօր Միլանում հայ համայնքի հետ նրա հանդիպումը հարթ չանցավ. գրանցվեց երկրորդ միջադեպը: Հիշեցնենք, որ առաջինը կապված էր «իրենց հողերը» պահանջող ադրբեջանցու հետ:

Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հայ համայնքի ներկայացուցիչներից մեկը, որը ներկայացավ որպես Միլանի Եվրոպական ուռուցքաբանության ինստիտուտում աշխատող գիտնական, ասաց.

«Ես կոչ եմ անում, որ Ձեր կառավարությունը և Դուք անձամբ հրաժարական տաք: Դա ամենամեծ բանն է, որ Դուք կարող եք անել Հայաստանի համար: Այս քաղաքականությունը, որ վարում եք հիմա, տանում է Արցախը և Հայաստանը կործանման»:

Նա նաև հավելեց. «Որպես Հայաստանի քաղաքացի` ես ծայրահեղ մտահոգված եմ նոր իշխանությունների արտաքին և ներքին քաղաքականությամբ` ատելության քարոզ, բոլոր պետական ինստիտուտների կազմաքանդում, Արցախի հարցում ոչ մի ռազմավարություն գոյություն չունի: Ես համարում եմ, որ այս քաղաքականությունը Հայաստանի ու Արցախի պետականության համար լրջագույն սպառնալիք է: Դա կործանման ճանապարհ է»:

 Վարչապետը, արձագանքելով հայ համայնքի ներկայացուցչի խոսքերին, նշեց.
«Անընդհատ ասում եք ատելության քարոզ: Իսկ ով և որտեղ է տանում այդ ատելության քարոզը: Եթե Հայաստանում եղել են իշխանություններ, որոնց նկատմամբ ժողովրդի ունեցած միակ զգացումը ատելությունն է, դրանում իմ մեղքը ո՞րն է: Մենք ո՞ւմ ենք կոչ արել, որ ատեն: Ընդհակառակը` մեր հեղափոխությունը եղել է սիրո և համերաշխության հեղափոխություն»:

Փաշինյանն ասաց, որ ինքը հրաժարական տալու մասին մտածելու կարիք չի տեսնում, քանի դեռ ունի Հայաստանի Հանրապետության ժողովրդի վստահությունը:

Վարչապետը, մասնավորապես, ասաց. «Ես հրաժարականի մասին մտածելու կարիք չունեմ այնքան ժամանակ, քանի ունեմ Հայաստանի Հանրապետության ժողովրդի վստահությունը, իսկ երբ չունենամ այդ վստահությունը, որևէ մեկին չեմ թողնի, որ նույնիսկ ակնարկի դրա մասին, որովհետև ղեկավարը, որը չունի ժողովրդի վստահությունը, չարիք է երկրի համար այնպես, ինչպես չարիք են եղել բոլոր ղեկավարները` սկսած 1996թ., երբ առանց ժողովրդի իշխանության տիրացել և փորձել են պահել երկրի իշխանությունը: Մեր օրոք այդպիսի իրավիճակ չի լինելու: 1999թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Հայաստանում ձևավորվել է իշխանություն, որը ունեցել է ժողովրդի վստահությունը, բայց, ցավոք, գլխատվել է 1999թ. հոկտեմբերի 27-ին»:

  • Կիսվել: