երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Երկրի թիվ մեկ փեսան մոնոպոլիզացրել էր մեդիաոլորտի բոլոր ճյուղերը ու ստեղծել մեդիակայսրություն, որի մնացորդները այսօր էլ կան. Հովհաննես Մովսիսյան

Երկրի թիվ մեկ փեսան մոնոպոլիզացրել էր մեդիաոլորտի բոլոր ճյուղերը ու ստեղծել մեդիակայսրություն, որի մնացորդները այսօր էլ կան. Հովհաննես Մովսիսյան

Հայկական մեդիադաշտը գաղտնիք չէ, որ երկար տարիներ եղել է մոնոպոլիզացված, գաղտնիք չէ, որ ստեղծվել էր մի մեծ մեդիակայսրություն, որը ղեկավարվում էր երկրի թիվ մեկ փեսայի կողմից, այսօր Ազգային ժողովում տեսալսողական մեդիածառայությունների ոլորտում օրենսդրական փոփոխությունների թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց «Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանը։

Վերջինը, նկատենք, ակնարկում էր ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին: Կառավարության ՊՈԱԿ-ի ղեկավարը իր ելույթում ասաց, որ «թիվ մեկ փեսայի» կողմից հեռուստադաշտի մոնոպոլիզացիան իրականացվել է ոլորտի բոլոր ճյուղերի զավթմամբ:

«Տարբեր կապերով կապված ընկերությունների միջոցով իրենք էին չափում հեռուստաընկերությունների վարկանիշը, իրենք էին տալիս գովազդի գումորը, ինչի շնորհիվ էլ, ըստ մասնագետների, սնուցվում էր այն հսկա կայսրությունը, որի մնացորդները այսօր էլ դեռ կան: Սա իրականում մեդիահամակարգ չէր, քանի որ որևէ երկրում նման համակարգ չկա, երբ ցուցադրողը, ռեյտինգ չափողն ու գովազդի գումար բաշխողը միմյանց հետ փոխկապակցված են», -հայտարարեց Մոսվիսյանը:

Նա տեղեկացրեց, որ իրականությունը պարզելու համար Հանրային հեռուստառադիոխորհուրդը իրականացնելու է աուդիտ, որի համար կառավարությունը պահուսատյին ֆոնդից գումար է տրամադրել:

«Եթե արձանագրվի, որ հեռուստատեսային վարկանիշի չափումներում խախտումներ են կատարվել, ապա բոլոր պատասխանատուները պետք է պատասխանատության ենթարկվեն», -հավելեց նա՝ ընդգծելով, որ Հայաստանում հեռուստատեսային վարկանիշ չափող ընկերությունը պետք է ընտրվի անկախ միջազգային մրցույթի միջոցով:

Հովհաննես Մովսիսյանը շեշտեց, որ ամեն ինչ անելու են, որ գորշ կարդինալներ գովազդի դաշտում այլևս չլինեն։

  • Կիսվել: