Երբ ասում ենք Հայաստանի Հանրապետություն, նկատի ունենք 29 հազար 743 քառակուսի կմ տարածքը․ Փաշինյան
Ուղիղ 6 տարի առաջ մեր քաղաքական թիմը եւ ես ստանձնեցինք ՀՀ կառավարումը, այդ պահին մեր առաջնային խնդիր ենք համարել այն օրակարգի սպասարկումը, որը մեր իրականության մեջ ընդունված է համարել համազգային նպատակներ: Այս մասին այսօր՝ մայիսի 7-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այդ օրակարգի լիաթոք սպասարկումը բացահայտել է հայեցակարգային եւ գործնական մի շարք խնդիրներ, որոնք առարկայացել են առավել 2020-ի 44-օրյա պատերազմից առաջ, ժամանակ եւ դրանից հետո: Այդ ողջ ընթացքում մենք կարեւոր ենք համարել հիշատակված խնդիրների ախտորոշումը՝ դրանց լուծումը համարելով կենսական:
Փաշինյանի խոսքով, հիմա առաջ է գալիս ՀՀ զարգացման ռազմավարական տեսլականի վերանայման անհրաժեշտությունը, եւ դրանից է բխում իրական Հայաստանի տեսլականը, որի մասին խոսել է կառավարության ծրագրի կատարողականի քննարկման ժամանակ:
Վարչապետը սահիկներով (սլայդ) սկսեց ներկայացնել, թե ինչ է Հայաստանի Հանրապետությունը, որքան է նրա տարածքը, ինչ է նշանակում ինքնիշխանություն, անկախություն եւ այլն: Նա կրկնեց, որ երբ ասում ենք Հայաստանի Հանրապետություն, նկատի ունենք 29 հազար 743 քառակուսի կմ տարածքը:
Հատկանշական է, որ սլայդների ֆոնին Արագած սարն է: