շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ

ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ

ՀՀ Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի համոզմամբ՝ Եվրոպական Միության շուկային ինտեգրվելը չի հակադրվում  ԵԱՏՄ-ի հետ համագործակցությանը։

ՀՀ ԱԺ-ում մարտի 28-ին հրավիրված մամուլի ասուլիսին Բաբկեն Թունյանը հիշեցրեց, որ Հայաստանը մինչև 2013 թվականն ակտիվ ընթանում էր եվրաինտեգրման ուղով՝ պատրաստվելով ԵՄ-ի հետ ստորագրել Համապարփակ առևտրի համաձայնագիրը, իսկ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու որոշումից հետո հայտարարվել էր և ԵԱՏՄ-ի, և արևմտյան, և երրորդ երկրների հետ համագործակցության մասին։

«Դրա համար մեկը մյուսին կարելի է չհակադրել։ Ամեն շուկա ունի իր պահանջարկը։ Ամեն շուկա ունի ապրանքների որակների ստանդարտները, որ իրեն պետք է, և կարելի է ասել` մեզ համար ոչ թե եվրոպական շուկաների դռները փակ են, այլ մենք՝ ինքներս,առաջին հերթին աշխատանք ունենք անելու, որպեսզի եվրոպական շուկային առաջարկելու բան ունենանք»,-ասաց Թունյանը։

Անդրադառնալով ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հարցին, նա ընդգծեց, որ Հայաստանը ներկայում հանդիսանում է ԵԱՏՄ անդամ՝ շարունակելով կատարել իր պարտավորությունները, վճարել ընդհանուր մաքսատուրքերը, ընդունել տեխնիկական կանոնակարգեր, որոնք գործում են միությունում, իսկ զուգահեռաբար աշխատանք է տարվում ԵՄ ու այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ։

  • Կիսվել: