երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Դուք կլսեք շնաբարո դուրսպրծուկների վնգստոցը, շնագայլերի ոհմակը կհարձակվի՝ ժողովրդի լավատեսությունը ծծելու, բայց մենք թույլ չենք տա. Փաշինյան

Դուք կլսեք շնաբարո դուրսպրծուկների վնգստոցը, շնագայլերի ոհմակը կհարձակվի՝ ժողովրդի լավատեսությունը ծծելու, բայց մենք թույլ չենք տա. Փաշինյան

Մի շարք սահմանադրական մանիպուլյացիաների բերումով՝ ՍԴ գործող դատարանի ու նրա նախագահի կողմից յուրացվել է ՀՀ ժողովրդին պատկանող իշխանությունը: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, ասաց. «Ըստ գործող կարգավորման, Սահմանադրության մեջ հնարավոր չէ փոփոխություն անել առանց ՍԴ-ի թույլտվության: Այսինքն, ՀՀ ժողովուրդը կարող է ցանկանալ որևէ բան փոխել Սահմանադրության մեջ, սակայն ՍԴ-ն թույլ չտա՝ այդ ձգտումը համարելով «հակասահմանադրական»: Ընդ որում, որևէ մեկը որևէ տեղ չի կարող վիճարկել այդ դիրքորոշումը: Այսինքն, այդ վիճակում ժողովուրդը կարող է Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահի ապօրինի ձեռք բերված կարգավիճակից զրկելու ցանկություն ունենա, սակայն ՍԴ-ն դա թույլ չտա՝ այն համարելով հակասահմանադրական: Հրայր Թովմասյանի և ՀՀԿ-ի ձեռքով Հայաստանում հայտնվել է մի սուբյեկտ, որը վեր է ժողովրդից: Դա ՍԴ-ն է: Սա ժողովրդին պատկանող իշխանության յուրացման աղաղակող օրինակ է»:

Ըստ վարչապետի՝ աբսուրդը հասել է այնտեղ, որ ՍԴ-ն անբեկանելի որոշումներ կարող է կայացնել նույնիսկ իր կարգավիճակի վերաբերյալ: «Ինչպե՞ս կարող է նման բան լինել: Կան իրավաբաններ, ովքեր հակադարձում են, թե այդ դեպքում ինչպես է, որ ԱԺ-ն , կառավարությունը, նախագահը որոշում են կայացնում իրենց վերաբերյալ: Սակայն այս բոլոր մարմինների որոշումները կարող են բողոքարկվել ՍԴ-ում, վարչական դատարանում: Միակ մարմինը, որի որոշումները չեն կարող բողոքարկել ՍԴ-ն է: Ես չեմ ասում, որ ՍԴ-ի որոշումները պետք է դարձնել բողոքարկելի: Ես ասում եմ, որ այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է այլ մարմինների ուղղակի լիազորություններին, ժողովրդի իշխանությանը, ՍԴ-ի լիազորությունները պետք է լինեն կանոնակարգված, կանխատեսելի և սահմանափակած ժողովրդի ինքնիշխան իրավունքով»-ասաց նա:

Փաշինյանը նշեց նաև, որ այսօրվա սահմանադրության գրողները պլանավորել էին, որ առնվազն մինչև 2035 թվականը Հայաստանում ժողովրդավարություն, ժողովրդի իշխանություն չի լինելու: Նրա խոսքով՝ այսպիսի ՍԴ է ձևավորվել, և Հրայր Թովմասյանը ՍԴ է ուղարկվել որպես կոռումպացված, հակաժողովրդական, ապօրինի համակարգի «պահապան շուն»: «Այլ կերպ ասած, հենց Սահմանադրական դատարանում է թողված շան գլուխը»,-նշեց նա:

Ըստ վարչապետի՝ ՀՀ հպարտ քաղաքացիները երբեմն զայրանում են, չեն հասկանում, թե ինչի հաշվին են ժամանակ առ ժամանակ հոխորտում նախորդ կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչները, նրանց սպասարկողները և օտարածին մականունով քիլերները, որոնց օրենքը շուտով անխուսափելիորեն առնելու է սեփական ոտքերի տակ:

«Դուք լսելու եք այդ շնաբարո դուրսպրծուկների վնգստոցը: Նրանց հույսը Հրայր Թովմասյանի և գործող ՍԴ-ի վրա է: Նրանք քմծիծաղով ու արհամարհանքով են վերաբերվում իրենց դատավարություններին, որով շուտով իրենց ՍԴ-ն իրենց կազատի պատասխանատվությունից, և շնագայլերի իրենց ոհմակը կհարձակվի՝ ժողովրդի լավատեսությունը ծծելու: Բայց մենք դա թույլ չենք տա: Մենք նրանց կպարտադրենք այլ գործողություն, որի մեկնարկը տալիս ենք այսօր:

Մենք այսօր պետք է որոշում կայացնենք այս հարցը ժողովրդով լուծելու համար: Հույս ունեմ ԱԺ-ն որոշում կկայացնի համաժողովրդական հանրաքվե նշանակելու մասին: Հոդվածի փոփոխությամբ, հին կարգով ընտրված բոլոր դատավորների լիազորությունները պետք է դադարեցվեն: Դա տեղի կունենա այն պարագայում, երբ ՀՀ քաղաքացիները գնան ընտրական տեղամասեր և այո ասեն փոփոխություններին, հեղափոխությանը, ժողովրդավարությանը, ժողովրդի իշխանությանը»,-ասաց Փաշինյանը:

  • Կիսվել: