կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Բա որ չեն վախենում, ինչու են էդ մակարդակով մեզ մեղադրում, ինչի՞ մեջ են մեզ մեղադրում․ Բագրատ Սրբազանն՝ իշխանությանը

Բա որ չեն վախենում, ինչու են էդ մակարդակով մեզ մեղադրում, ինչի՞ մեջ են մեզ մեղադրում․ Բագրատ Սրբազանն՝ իշխանությանը

Նիկոլ Փաշինյանը թող իր խոստացածն անի, նա խոստացել է ձեռքը կտրել, եթե Տավուշից հող տա: Այս մասին, այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը:

«Ես չեմ ուզում, որ այդպես վարվի, բայց ինքն այդպես ասել է: Եթե ինքն իր խոսքը չի անում, ո՞նց է մեզ կամ որեւէ մեկին մեղադրում ինչ-որ բաների մեջ:

Մենք ասել են՝ հաշտության օրակարգ, խաղաղության օրակարգ, հաղթանակած խաղաղության օրակարգ, ոչ թե ծնկաչոք: Ասել ենք հոգեւոր մեղքից ազատագրության օրակարգ: Այս երթը ինքնամաքրվելու, ինքնաճանաչողության մասին է: Ինչի՞ են վախենում այդ մարդիկ, մենք գնում ենք ոտքով, ուխտի ենք գնում՝ ինքնամաքրվելով»,-ասաց նա:
 

Հարցին՝ իշխանությունն իրենցից վախենո՞ւմ է, Բագրատ Սրբազանը պատասխանեց. «Բա որ չեն վախենում, ինչու են էդ մակարդակով մեզ մեղադրում, ինչի՞ մեջ են մեզ մեղադրում: Պատերազմ հրահրելո՞ւ: Ախր պատերազմի մունետիկը ինչպե՞ս կարող է պատերազմ հրահրելու մեջ մարդկանց մեղադրի: Իմ գործը քայլելն է, քարոզելը, խոսելը»:

Անդրադառնալով նրան, որ մարդիկ իրենից քաղաքական ակնկալիք ունեն, նա ասաց. «Բայց չէ որ մենք քաղաքականությամբ չենք զբաղվում: Ես քայլում եմ, հաշտության մասին եմ խոսում: Մենք իշխանություն ունե՞նք, որ իշխանափոխության պահանջ հնչի: Իշխանության գոյությունը պայմանավորված է երկրի անվտանգությամբ, բանակցությունների սեղանին իրենց ջանքը դնել, որ երկիրն անվտանգ լինի, ճիշտ ճանապարհով գնանք, որ մարդիկ նվաստացած, ստորացած չլինեն, իրենց սրտով զգան այս երկրի տերը: Դա է իրենց սեպուհ պարտականությունը: Եթե անում են՝ լավ, եթե չեն անում, ուրեմն չկա: Մի բան, որ չկա, ի՞նչը փոխես: Իշխանությունը ժողովրդինը չէ՞ր, հիմա ժողովրդին են փոխելո՞ւ: Ժողովուրդն ինչ կասի, դա էլ կանենք: Երեւի ինքը կգա, հրապարակում ելույթ կունենա, ինչպես խոստացել է, եւ կասի իր խոսքը:

Մենք ոչ մի ակնկալիք չունենք իրենից եւ որեւէ մեկից, ինքն է ասել՝ ձեռքս կկտրեմ, ես հիշեցնում եմ, ասել է՝ կգամ, հրապարակում ելույթ կունենամ, ես հիշեցնում եմ: Ես վատ բան չեմ ասում»:

Սրբազանը չհմաձայնեց Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե իր այսօրվա ասուլիսը եւս ելույթ է ժողովրդի հետ. «Ոչ դա ելույթ չի, էկրանից այն կողմ, թիկնապահներով շրջապատված, դա ելո՞ւյթ է: Եկել է՝ր ոսկեպարցիների վրա հոխորտում էր, Կիրանցի ժողովրդին խաբում էր: մենք ասում ենք՝ պետք է ինքնամաքրվենք, մեղքերից ազատվենք, զղջանք ու ապաշխարենք»:

  • Կիսվել: