կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ԱԺ նախագահը սրտիկ է անում, պարզ է՝ ԱԺ–ն պլենտուսի մակարդակի պիտի լինի. ընդդիմադիրը՝ Ալեն Սիմոնյանին

ԱԺ նախագահը սրտիկ է անում, պարզ է՝ ԱԺ–ն պլենտուսի մակարդակի պիտի լինի. ընդդիմադիրը՝ Ալեն Սիմոնյանին

Ձեր կառավարության ծրագիրը լրիվ ուրիշ բան է ասում, բայց դուք կորցրել եք լեգիտիմությունը։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Ասում եք՝ իրավիճակ է փոխվել, այո իրավիճակների փոփոխություններով պայմանավորված բազմաթիվ երկրներում արտահերթ ընտրություններ են կազմակերպում։ Ձեր տրամաբանությամբ՝ արտահերթ ընտրություններ չպետք է լինեն։ Ասում են՝ մենք արտահերթ ընտրություններ արել ենք, Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել․ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց, դարձավ վարչապետի պաշտոնակատար՝ նույն լիազորություններով, լավ գոնե արձակուրդ գնար ձեւի համար, էդ էլ չարեց, այսինքն՝ մարդը էնքան չի վստահում սեփական թիմակիցներին, որ գոնե ես գնամ ընտրություններ անեմ, էս մեկը թող մնա վարչապետ»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։

Արթուր Խաչատրյանին որպես արձագանք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ասաց՝ «ուպս», Խաչատրյանն էլ պատասխանեց հետեւյալը․ «Դա էլ է անարգանքի դրսեւորում։ Երբ ասում էի Ազգային ժողովի վարկի ձախողում, այ այդ «ուպս»-երով է պայմանավորված։ Բայց ուրախ եղեք պարոն Սիմոնյան, ձեզանից ավելի վատ վարկանիշ ունի ձեր սարքած ասֆալտը։ Սրտիկը գնացեք ասֆալտ անողներին դրեք, ԱԺ նախագահ է՝ սրտիկ է անում, է պարզ է, որ էս Ազգային ժողովը պլենտուսի մակարդակ ունենա, ի՞նչ եք ուզում»։

Խաչատրյանն արձագանքելով Գլխավոր դատախազի զեկույցին՝ նշեց, որ ցանկալի կլիներ, որ զեկույցում վիճակագրությունից բացի լիներ նաեւ վերլուծություն․ «Օրինակ՝ ինչո՞ւ հանկարծ թմրանյութերի շրջանառությունն այդքան շատացավ, ինչո՞ւ բացահայտումները նվազեցին, ինչո՞ւ ոստիկանների բռնությունները դարձան միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրության առարկա, ինչո՞ւ ընդամենը 4 ոստիկան դատապարտվեց, ինչո՞ւ է կալանավորումները օգտագործվում որպես պատժի միջոց։ Հայաստանում հացադուլից մարդ է մահացել, ես եմ հիշում, որ երբեւիցե նման բան եղած լինի։ Մարդը հացադուլ է անում բանտում ու մահանում է, արդյո՞ք չպետք է անդրադառնալ ու վերլուծել պատճառները»։

Անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանազատմանն ու սահմանագծմանը՝ Խաչատրյանն ասաց․ «Ասում ենք՝ 88 թվականին այս թուղթն է ստորագրվել, հասկանանք՝ ի՞նչ սահման կա, որովհետեւ այստեղ գրված է՝ Նոյեմբերյանի շրջանի Ոսկեպար եւ Բաղանիս սովխոզներին փոխհատուցել տարածք, այդ տարածքը փոխհատուցվե՞լ է, ասում են՝ դա գաղտնիք է, լավ չիմանա՞նք՝ մեր տարածքը որտեղով է անցնում»։

  • Կիսվել: