հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
ԱԺ-ից հաստատել են՝ Արարատ Միրզոյանը պարբերաբար հանդիպումներ է ունենում ՍԴ առանձին դատավորների հետ (լուսանկար)

ԱԺ-ից հաստատել են՝ Արարատ Միրզոյանը պարբերաբար հանդիպումներ է ունենում ՍԴ առանձին դատավորների հետ (լուսանկար)

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, «Ազգային հակակոռուպցիոն խորհրդի» նախագահ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ԱԺ աշխատակազմից իր հարցմանը տրված պատասխանը, որտեղ նշված է, որ այս օրերին ԱԺ նախագահը հանդիպումներ է ունենում ՍԴ դատավորների հետ։

«Ազգային ժողովի աշխատակազմը գրավոր հաստատեց, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այս օրերին պարբերաբար հանդիպումներ է ունենում ՍԴ առանձին դատավորների հետ, այդ թվում` դատավոր Ֆելիքս Թոխյանի հետ:

Փաստորեն ճիշտ էին մամուլի հրապարակումները...»,-գրել է Արսեն Բաբայանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Փաստ» թերթը գրել էր, որ մասնավորաբար նախորդ շաբաթվա վերջին նման հանդիպում է տեղի ունեցել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի և Սահմանադրական դատարանի դատավոր Ֆելիքս Թոխյանի միջև: 

Ըստ թերթի աղբյուրների՝ Միրզոյանը «բարեկամաբար» հորդորել է ՍԴ դատավոր Թոխյանին դիմում գրել և օգտվել վաղաժամ կենսաթոշակի օրենքից՝ խոստանալով Թոխյանի տղաներին լավ աշխատավարձով պաշտոնների տեղավորել: 

  • Կիսվել: