կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ազգային անվտանգության ռազմավարության վերանայման գործընթացն աշխատանքային մակարդակում սկսվել է. Փաշինյան

Ազգային անվտանգության ռազմավարության վերանայման գործընթացն աշխատանքային մակարդակում սկսվել է. Փաշինյան

Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունը պետք է վերանայվի, և այդ վերանայման գործընթացն աշխատանքային մակարդակում սկսվել է: Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա անդրադարձավ հարցին, թե Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության մեջ արձանագրված արժեքային համակարգը և ազգային արժեքները արդյոք պե՞տք է վերանայվեն:

«Ո՛չ, ես չեմ կարծում, որ այնտեղ արձանագրված ազգային արժեքների մասին ձևակերպումները պետք է վերաձևակերպվեն հետևյալ կերպ»,- ասաց նա և ընթերցեց այն տարբերակը, որն առաջարկում է, որպես քննարկման նյութ ՀՀ ազգային անվտանգության վերանայման համատեքստում, և ընդհանրապես որպես արժեքային հիմք ՀՀ-ի այս տեսլականի համար: «ՀՀ ժողովրդի ազգային արժեքներն են հայոց պետականությունը, Հայաստանի Համրապետությունը, ՀՀ անկախությունը, ինքնիշխանությունը, քաղաքացիությունը, ժողովրդավարությունը, բանակը, Հայաստանի պատմությունը, հայ ժողովրդի բանահյուսությունը, էպոսը, հավատալիքները, լեգենդները, առասպելները, հայոց լեզուն և գրերը, հայ գրականությունը՝ ներառյալ թարգմանական գրականությունը, գիտելիքը, գիտությունը, համահայկական ներուժը, հայկական սփյուռքը, հայրենիքը, ընտանիքը, անհատը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, Հայ Կաթողիկե Եկեղեցին, Հայ Ավետարանական Եկեղեցին, քրիստոնեությունը, հայ աշուղական, գուսանական, ժողովրդական, դասական, հեղինակային և էստրադային երաժշտությունը, հայկական պարարվետը, հայկական կերպարվեստը, հայկական բեմարվեստը, հայկական ճարտարապետությունը, հայրենի բնաշխարհը՝ իր կենսաբազմազանությամբ, առաջադիմությունը, ազատասիրությունը, ինքնասիրությունը, հյուրասիրությունը, կրթասիրությունը, աշխատասիրությունը, օրինապահությունը, հարգանքը և հանդուրժողականությունն ուրիշ մարդկանց, ժողովուրդների, կրոնների նկատմամբ, եղբայրական զգացումները և հարաբերություններն ազգային փոքրամասնությունների նկատմամբ և անքակտելի միությունը նրանց հետ՝ արտահայտված ՀՀ քաղաքացիությամբ, հայկական խոհանոցը, նյութական և ոչ նյութական ժառանգության բոլոր այն նմուշները, որոնք արտահայտում, պատկերում, նկարագրում կամ խորհրդանշում են ՀՀ ժողովրդի՝ վերը նկարագրված ազգային արժեքները»,- թվարկեց Փաշինյանը:

  • Կիսվել: